Արդարադատության նախարարությունն օրեր առաջ հրապարակեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող թեկնածուների ընտրության արդյունքները։
Ըստ ձեզ՝ կառավարությունը ցանկը կհաստատի՞, թե՞ կարող են նաև փոփոխություններ լինել․ «Առաջին լրատվական»-ի հարցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել»։
Ընդհանուր առմամբ հանձնաժողովի ձևավորման ընթացքն ինչպե՞ս եք գնահատում՝ ներառականությունը հաջողվե՞լ է ապահովել, չափորոշիչները որքանո՞վ էին ճշգրիտ ընտրված․ «Առաջին լրատվական»-ի հարցին Կարեն Զադոյանը պատասխանեց․ «Միշտ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դնել։ Օրինակ՝ դիտարկենք 2015 թվականի հանձնաժողովի ստեղծման գործընթացը և 2020 թվականի հանձնաժողովի ստեղծման գործընթացը։ Իհարկե, դրանք իրենց փիլիսոփայությամբ տարբեր են, որովհետև նախկին հանձնաժողովը ձևավորումից հետո է միայն հայտնի դարձել հասարակությանը և, բնականաբար, ձևավորվել էր կոնկրետ քաղաքական իշխանության լոյալ իրավաբան-մասնագետներից։ Ես նրանց պրոֆեսիոնալ կարողությունների մասին որևէ բան չեմ ուզում ասել, խոսքը զուտ լոյալ լինելու մասին է։ Իսկ այժմ ողջունելի է, որ նոր քաղաքական իշխանությունն ուրիշ ճանապարհով գնաց և հանձնաժողովի կեսից ավելին ձևավորեց մրցութային ձևով։ Այս առումով գովելի է և նախորդի հետ համեմատած հսկայական առաջընթաց կա։
Կոնկրետ չափորոշիչների մասին խոսելիս պետք է ասեմ, որ հիմնական չափորոշիչները ճիշտ էին դրված։ Ինչ վերաբերում է մեր կազմակերպությանը, նախ պետք է ասեմ, որ մենք ինքնիշխան, անկախ մասնագիտական կառույց ենք ու հասկանում ենք ներկայումս Հայաստանում իրականացվող շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։









































