Ընդամենը մի քանի ժամ, և Հայաստանի ներքաղաքական կյանքում կմեկնարկի բավական նշանակալից իրադարձություն՝ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը կհանդիպի իշխանության պատվիրակության հետ: Այդ հանդիպումը կարող է լինել Հայաստանի ներքաղաքական կյանքի բավական հետաքրքրական ժամանակաշրջանի սկիզբ:
Կարող է, բայց կլինի՞ արդյոք: Բանն այն է, որ երկխոսության նստող Կոնգրեսն ու իշխանությունը միմյանց ուղղված հայտարարություններում թույլ են տալիս ձևակերպումներ, որոնք հանրության զգալի շրջանակների մոտ հիմնավոր անվստահություն են առաջացնում այդ գործընթացի, երկխոսություն կոչվածի, և մասնավորապես՝ բանակցությունների այսօրվա հանդիպման հանդեպ: Խնդիրն այստեղ այն է, որ ինչքան անցնում է ժամանակը, այնքան գործընթացը միտվում է ոչ թե հասարակությանը, շարքային քաղաքացուն, նրա այսօրվա խնդիրների քննարկմանն ու լուծման հրատապ ուղիների որոնմանը, որպեսզի կանխվի դատարկվող պետության մահը բառիս բուն և պատկերավոր իմաստով, այլ գնալով տեղավորվում է քաղաքական թիմերի նեղ փոխհարաբերության շրջանակում, որտեղ քաղաքացին մեծ հաշվով հայտնվում է դիտորդի կարգավիճակում:
Հասկանալի է, որ իշխանությանը հենց այդ վիճակն էլ ձեռնտու է, քանի որ այդպիսով անվստահություն առաջացնելով ընդհանուր գործընթացի հանդեպ, իշխանությունն այն տարածում է նաև ընդդիմության վրա: Դրա վառ վկայությունն է օրինակ այն, որ իշխանությունը երկխոսության վայր է ընտրել Հանրային խորհրդի տարածքը, որը ոչ միայն հանրային հեղինակություն չունեցող մարմին է, այլ նաև ըստ էության հասարակության հանդեպ իշխանության հանցագործությունները լեգիտիմացնելու գործիք:
Երկխոսության մեկնարկի այդ վայրի ընտրությունը խորհրդանշական էր, բայց հաշվի առնելով ՀԽ ձևավորման պատմությունը, կադրային կազմն ու այդ մարմնի հանրային հեղինակության գրեթե իսպառ բացակայությունը, խորհրդանշականությունը ձեռք է բերում բացասական որակ: Այդ խորհրդանշականության ներքո մեկնարկող երկխոսությունը հազիվ թե ավելի լայն ակնկալիքներ ու սպասումներ առաջ բերի հասարակության տարբեր շրջանակներում, քան ասենք Հանրային Խորհրդի հանդեպ սպասումներն էին, որոնք չկային և այդպես էլ չեն լինում, որովհետև անհնար է սպասում ունենալ մեռելածին կառույցներից:
Եվ այդ իմաստով կա էական մտավախություն, որ ներքաղաքական երկխոսությունն էլ թերևս կարող է լինել պարզապես մեռելածին, և լինելով երկրում իրավիճակի շրջադարձային փոփոխության հասնելու ցանկալի տարբերակ, այն իրականում լինի ընդամենը Հանրային խորհուրդ-2:
Եզրակացություններ անելը դեռ վաղ է իհարկե, քանի որ հանդիպումը դեռ չի եղել, մեկնաբանություններ դեռ չեն եղել, իսկ ընդդիմությունն էլ հայտարարել է, թե այդ ֆորմատը չի դիտում որպես երկխոսության հիմնական, առանցքային ֆորմատ: Դա նշանակում է, որ ընդդիմության մոտ իհարկե կան այդ վտանգների հստակ գիտակցվածություն ու պատկերացում: Բայց կասկած չկա նաև, որ իշխանության մոտ էլ կա հակառակի հանդեպ վտանգների գիտակցվածություն և պատկերացում:
Ո՞վ՝ ում: Ներկայիս գործընթացի առանցքային հարցը թերևս դա է:











































