Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով դատական հայց է ներկայացվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի՝ փետրվարին տեղի ունեցած ընտրություններին մասնակցած 604 մարդկանց դեմ։ Դրա համար նրանցից յուրաքանչյուրին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։
Ընտրություններում հաղթանակ էր տարել այդ հիմնադրամը 26 տարի շարունակ ղեկավարող 86-ամյա Ափիկ Հայրապետյանը։ Սակայն Ընտրական խորհրդի նախագահ Արա Ըշըթմանը խախտումներ էր հայտնաբերել ընտրական գործընթացի ժամանակ և ապրիլի 15-ին դիմել էր դատախազություն։
Ըշըթմանը բացահայտել էր, որ ընտրություններին մասնակցած 604 անձինք չեն հանդիսանում Բեյօղլուի բնակիչներ, և որ հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով ավտոբուսներով բերվել են Ստամբուլի այլ թաղամասերից՝ Սամաթյա, Յեշիլքյոյ, Բաքըրքյոյ։
Այժմ այդ 604 կասկածյալներին ընդհանուր առմամբ սպառնում է 3020 տարվա ազատազրկում։





































