«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
– Պարոն Պասկևիչյան, երբ ասվում է, որ Մարտի 1-ի տեսանյութերը որևէ բան չեն տալիս ՀՔԾ-ին, չի՞ նշանակում, որ այդ մարմինն ուղղակի նախանձախնդիր չէ որևէ բան անելու: Ու ըստ էության մի անգամ ևս համոզվում ենք, որ Մարտի 1-ը դատապարտված է:
– Գիտեք, Մարտի 1-ի տեսանյութերը չեն նկարահանվել հատուկ ՀՔԾ համար: Դրանք նկարահանել են մարդիկ իրենց ձեռքի տակ եղած տեխնիկական միջոցներով` փոքրիկ տեսախցիկներ, ֆոտոապարատներ, որոնք տեսագրություն անելու հնարավորություն են տալիս, հեռախոսներ և այլն: Մարտի 1-ի բացահայտման կամ չբացահայտման հարցում հղում անել այդ տեսանյութերի որակի կամ տեխնիկական հնարավորությունների վրա` ես կարծում եմ, որ դա պարզ դեմագոգիա է: Ինչո՞ւ, որովհետև խնդիրը, որ դրվել է ապրիլին Սերժ Սարգսյանի կողմից` իր կողմից ղեկավարվող համակարգի առաջ, հետևյալն է` բացահայտել Մարտի 1-ի սպանությունները: Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու համար կան շատ եղանակներ, որոնք ավելի էֆեկտիվ են, քան դնել այդ տեսանյութերը ուսումնասիրել: Դրանցից ամենակարևորներից մեկի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ խոսեց: Այն է` պարզապես պետք է հիերարխիկ ուղղահայաց պարզել` եղե՞լ են Պետրոս Պետրոսյանի, Կիրակոս Կիրակոսյանի ձեռքին ինչ-որ զենքեր, որոնք օգտագործվել են: Ի դեպ, այդ մարդկանց անունները այս պահին չեմ հիշում, բայց իրենց գիտեք, հայտնի են մեր ֆիլմերում, ովքեր հատուկ միջոցներ, զենք են կիրառել: Ուրեմն պետք է սկսել ներքևից վերև հարցաքննություններ անել, պարզել, թե ով է այդ հրամանը տվել: Ես կարծում եմ, որ եթե հետևողական և նախանձախնդիր կերպով այդ մարդկանց հետ տարվեն հարցաքննություններ, փորձ արվի ուսումնասիրել և հասկանալ, կարծում եմ` ոչ մեկը իր, այսպես ասած, ազատությունից, իր կյանքից ձեռք չի քաշել, որպեսզի իր վրա վերցնի: Եվ անպայման հղումներ անելու է իրենից վերև եղած աղբյուրներին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ կա մի մեծ սխալ:
Երեկ խոսել է նաև Անդրանիկ Քոչարյանը, սակայն ես ավելորդ չեմ համարում այդ հարցը նորից կրկնել: Եթե դու, օրինակի համար, քո մեքենան տանում ես մի վարպետի մոտ, ով սարքելու փոխարեն փչացնում է, հաջորդ անգամ նույն վարպետի մոտ չես տանի չէ՞: Հետևաբար խնդիրը հետևյալն է` ՀՔԾ-ն պետք է լուծարել առաջին հերթին, եթե Սերժ Սարգսյանը իսկապես ուզում է բացահայտել: ՀՔԾ-ից հանել Վահագն Հարությունյանին, Անդրանիկ Միրզոյանին, մյուսներին, ովքեր 3 տարի շարունակ այս գործը տարել են պարտակման, ծածկելու, կոծկելու ճանապարհով: Հավաքել նոր կազմ և ասել` բացեք այդ գործը, որովհետև, նորից եմ կրկնում, նույն վատ վարպետի մոտ նորից չես տանի քո մեքենան ու չես ասի, չէ՞, նորից սարքի: Մարդը չի կարողանում անի: ՀՔԾ-ն անցած 3 տարում ապացուցել է, որ ինքը չի կարողանում անել: Ես նույնիսկ հիմա կասկածում եմ` ինքը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում: Եթե մինչև Սերժ Սարգսյանի ապրիլի ելույթը կասկած կար, որ այնտեղ վերևից սկսած բոլորով չեն ուզում, ապա այդ ելույթից հետո, երբ արդեն հանձնարարական է տրված, ես մտածում եմ, որ չեն կարողանում: Իսկ եթե մարդիկ չեն կարողանում, ոչ իրենց պետք է տանջել, ոչ էլ պետք է տանջել հասարակությանը, առավել ևս` զոհերի ծնողներին, հարազատներին և այլն:
– Իսկ առկա փաստերը բավարա՞ր են մեղավորներին ի հայտ բերելու համար:
– Գիտեք, ժամանակին սովետական տարիներին բանակում ծառայել եմ և կարծում եմ, որ հիմա մեր համակարգերի մեջ էլ շատ բան չի փոխվել: Ես գիտեմ մի բան: Ասենք` ես եղել եմ զորամասի հերթապահ, ծառայելու ընթացքում ժամանակ առ ժամանակ` մուտքի հերթապահ, հետևաբար գիտեմ, որ ամեն ինչ զինվորական համակարգերում գրանցվում է: Ասենք` միայն ճանճը կարող է թռչել պատից դուրս ու չգրանցվել: Մեքենա է դուրս գալիս` գրանցվում է, զինվորը զենք է ստանում` գրանցվում է, հակագազ է ստանում` գրանցվում է: Այդ ամեն ինչը գրանցվում է: Պետք է վերցնել այդ գրանցումները և տեսնել` ով ինչքան զենք ստացավ, ումից ստացավ, այդ հրամանը ումից եկավ և այսպես բացել գործը: Շատ-շատ պարզ և էլեմենտար է: Այդ գործը կարելի է բացել ցանկության դեպքում:
– ՀՔԾ-ն վերջերս սոցիալական ցանցերում Մարտի 1-ին վերաբերող նոր տեսանյութեր տեղադրողներին է փորձում գտնել: Ներկա պահին դա՞ է առաջնային խնդիր, թե՞ այդ նյութերը հօգուտ գործին ծառայեցնելը:
– Այս նյութերը եղել են նաև իմ ձեռքի տակ, և ես ֆիլմում օգտագործել եմ դրանց մի մասը: Այս նյութերն այնքան շատ մարդկանց մոտ կան, նաև ՀՔԾ մոտ կան: Ինձ հասած նյութերի մի բավական զգալի հատված վերցված է եղել դատական գործերից, որը իրենք են կազմել: Այսինքն` գտնել, թե ով դրեց նյութը, դա ժամանակի անիմաստ կորուստ է: Եվ նորից վախի մթնոլորտ ստեղծելու խնդիր ունի, որ տեսեք, թե մենք փնտրում ենք, թե ով է դնում, որ հանկարծ չհամարձակվեք դնել: Իրավագիտության մեջ այդ տեսակ նյութերը ռուսերենով համարվում են «վսպամագատելնի մատերիալի»` օժանդակ նյութեր: Այսինքն` չի կարող որևէ գործ կազմվել միայն այդ նյութի հիման վրա: Մինչև այդ նյութին հասնելը պետք է բավական աշխատանք կատարել: Իսկ եթե որևէ նյութ ճշգրտման կարիք ունի, թող ուղարկեն Վաշինգտոն, Մոսկվա կամ չգիտեմ ուր` փորձաքննության: Բայց հիմնվել ու կենտրոնանալ այդ նյութերի վրա` դա անիմաստ է:
– Մարտի 1-ին սպանված Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում առաջ քաշեց Մարտի 1-ին սպանված 11-րդ զոհի վարկածը, որքանո՞վ է դա հիմնավոր:
– Ես կարող եմ ասել մի բան, որ այն դեպքերը, որ տեղի ունեցան Մարտի 1-ի և 2-ի լույս գիշերը, և որին ժամը 22-30-ին 20 օրով հաջորդեց արտակարգ դրությունը, հնարավորություն չտվեցին մեր հասարակությանը, ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, մյուսներին անել քննություն: Այդ պարագայում կոծկելու հավանականությունը բավականին մեծ էր: Ես կարծում եմ, որ չի բացառվում լինեն զոհեր, որոնց ծնողները, հարազատները այս առումով ակտիվ չլինեն: Ենթադրենք` լինի մեկը, ով ունի շատ տարիքով հայր կամ մայր, մեկը, ով ակտիվ չէ և հետևողական չի կարող լինել: Արդյունքում` հետևողական չլինելու պատճառով չհայտնվեն: Բացի այդ, կա ևս մեկ կարևոր հանգամանք` տեսնելով, որ հայտնի 10 զոհերի, երկու զինծառայողների (ես սա ուզում եմ հատուկ շեշտել, որոնք փաստորեն պետությանն էին ծառայում այդ օրը, այդ պահին) սպանությունները չեն բացահայտվում` այդ մարդիկ ինչի՞ պետք է նորից ցավը վերարծարծեն: Բայց կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո, եթե կան այդպիսիք, անպայման կբացահայտվեն և անպայման կպարզվեն:
– Առաջիկայում, ըստ ամենայնի կկայանա երկխոսությունը ՀԱԿ-ի և իշխանության միջեւ: Սա որքանո՞վ կօգնի Մարտի 1-ի բացահայտմանը:
– Ես կարծում եմ, որ բացի գլխավոր խնդրից, որը գիտեք` արտահերթ ընտրությունների հարցն է, լրացուցիչ ուղեկցող հիմնախնդիրներ էլ անպայման կքննարկվեն այդ երկխոսության ժամանակ, և հուսով եմ, որ անպայման պետք է դրվի ՀՔԾ-ն լուծարելու և նոր խումբ հավաքելու խնդիրը: Ես քաղաքական գործընթացներին չեմ մասնակցում, ընդամենը լրագրող-հրապարակախոս եմ, բայց շատ լավ կլինի, որ այդ հարցը անպայման դրվեր: Դրա հետ միասին նաև ինչ-որ հասարակական վերահսկողության խնդիր, որպեսզի այդ ՀՔԾ վրա լինի որոշակի հասարակական վերահսկողություն:
Այն, ինչ ասում է Վահագն Հարությունյանը ամեն շաբաթ` այս ճանապարհով այս գործը չի բացահայտվի նաև, ասենք, 2078թ.-ին: Սա ճանապարհ չէ: Պետք է թղթի վրա գրել` ինչ է պետք անել և այդ քայլերը անել: Այդ թղթի վրա գրելուց և անելուց մի շաբաթ հետո կարող է բացահայտվել ամեն ինչ, որովհետև այդտեղ առանձնապես բացահայտելու հարց չկա: Այդտեղ պետք է բացահայտում լինի` շղթան ճիշտ դասավորելով տանել հասցնել տեղ, որովհետև առանձին բոլոր հատվածները բացահայտված են: Մենք հո բոլորս գիտենք, որ այս հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը: Մենք հո բոլորս գիտենք, որ ինչ-որ մի իքս մարդ զենք է օգտագործել: Ուրեմն այդ օգտագործողից մինչև Ռոբերտ Քոչարյան պետք է այդ օղակները ճիշտ դասավորել, և դա կարող է տևել 1 շաբաթ և ոչ ավելի շատ:
– Վերջերս Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քննադատեց ոչ միայն դատարաններում, այլև նախաքննական մարմիններում ամիսներ, նույնիսկ տարիներ ձգձգվող գործերի քննությունը` ընդգծելով, որ դա ստվեր է գցում վճիռների արդարացիության վրա: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ամիսներ առաջ հնչեցրած պահանջն ու իրականությունը հակասում են իրար:
– Իսկ արդար վճիռներ կա՞ն: Ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանում ոչ միայն քաղաքական դատավարությունների դեպքում, այլև առհասարակ արդեն շատ քիչ են վճիռներ կայացվում: Հայաստանում վճիռները կայացվում են մի կողմից ըստ հրահանգների` վերևից հրահանգներ են լինում այս բանը այսպես անել, մյուս կողմից` ըստ տնտեսական շահերի: Կա գումար` այսպես կլինի, չկա գումար` այնպես կլինի և այլն, և այլն: Հայաստանում առհասարակ արդար վճիռներ չեն կայացվում, և դա նորություն չէ: Այս ամենը ֆիքսվել է նաև բավականին լուրջ միջազգային կառույցների զեկույցներում: Դրա համար պետք է մտածել ոչ թե ստվեր գցելու մասին, այլ համակարգը վերակազմակերպելու, վերակազմավորելու, վերադասավորելու մասին: Մի բան, որը Սերժ Սարգսյանը և իշխանությունները չեն կարող անել:
Դրա համար իրենք, եթե բարի են, պետք է արագացնեն երկխոսությունը և քննարկեն արտահերթ ընտրությունների հարցը: Ո՛չ կարողանում են, ո՛չ ցանկանում, որովհետև արդար դատական համակարգ ստանալու համար առաջին հերթին պետք է լինեն արդար ընտրություններ: Հիմա դուք պատկերացրեք, եթե բազմաթիվ մարդիկ Սերժ Սարգսյանի համար 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ լցոնումներ են արել, մարդ են ծեծել, փող են ծախսել… Եթե այս մարդու գործը, ենթադրենք, գնում է դատարան` ո՞նց կարող է արդար լինել: Ենթադրենք` ես վաղը ուզում եմ Սամվել Ալեքսանյանին դատի տալ, որ բոլոր օղիները կեղծում է կամ բոլոր դեղերը ժամկետանց է վաճառում կամ չգիտեմ ինչ: Ո՞նց եմ ես հաղթելու դատարանում: Սամվել Ալեքսանյանը, գիտեք, ինչեր է արել Սերժ Սարգսյանի համար ընտրությունների ժամանակ:
Հետևաբար` պետք է արագացնել երկխոսությունը, և այդ երկխոսությունը հանգեցնել արտահերթ ընտրությունների, որպեսզի այս երկրում ինչ-որ համակարգեր սկսեն աշխատել: Թե չէ, ինչ-որ դատավորի գործից հանելով, մյուսին պատժելով, մեկին նկատողություն տալով` այդ խնդիրները չեն լուծվում:











































