Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է օրենսդրական կարգավորումների միջոցով ֆեյք գեներացնող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները և հարցը, քանզի նրանցից շատերը հաճախ նաև քաղաքական սկանդալների պատճառ են դառնում։
Եթե նախկինում պատերազմները վարվում էին սպառազինության և մարդկային ուժի անմիջական ներգրավմամբ, ապա այսօր դրանք մասնակիորեն տեղափոխվել են կիբեր տարածք՝ այն դարձնելով պատերազմների թատերաբեմ։ Ըստ ձեզ՝ այս խնդրի լուծումը ո՞րն է․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը պատասխանեց․ «Ինչպես նշեցիք՝ դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, և Հայաստանն այստեղ բացառություն չէ։ Ներկայումս Հայաստանում տիրող քաղաքական իրողությունները մեծապես նպաստում են, որպեսզի այդ իրավիճակն ավելի սրվի, որովհետև ներքին քաղաքական համերաշխություն չկա, որը բնորոշ է ժողովրդավարական համակարգերին։ Ես կարծում եմ, որ այստեղ, որպես պաշտպանական զենք, առաջին հերթին պետք է լինի ալտերնատիվ ինֆորմացիայի տրամադրումը, ալտերնատիվ միջոցների ստեղծումն ու տարածումը։ Այսինքն՝ ալտերնատիվ ասելով՝ պետք է հասկանալ ճշգրիտ ինֆորմացիան, և տեղ պետք է տալ մեդիագրագիտության զարգացմանը, որպեսզի մարդիկ կարդալով կարողանան կողմնորոշվել»։
Կան կայքեր, որոնք անգամ հասցեներ չունեն, և դժվար է գտնել այն մարդկանց, որոնք ստեղծում են այդ կայքերը։ Այս դեպքում ի՞նչ անել, արդյո՞ք օրենսդրական կարգավորումներ անհրաժեշտ չեն․ «Առաջին լրատվական»-ի հարցին վերլուծաբան Աղասի Մարգարյանն ասաց․ «Գիտեք, օրենսդրական կարգավորումներ անհրաժեշտ են, և այն առաջացել է ոչ թե ներկայիս քաղաքական իրավիճակի պատճառով, ոչ թե հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակի պատճառով, այլ այդ կարգավորումներն անհրաժեշտ էին շատ ավելի վաղուց։ Նախկինում քաղաքական իրավիճակն այլ էր, բայց նույն լրատվական դաշտն արատավոր էր ինքնին։ Այսինքն՝ եթե ինչ-որ սրված ապատեղեկատվություններ չէին լինում, դա դեռ չի նշանակում, թե քաղաքական իրավիճակի պատճառով այնտեղ համերաշխություն, հանդարտություն էր տիրում։ Այդ խնդիրն վաղուց կա, հիմա պարզապես սուր կերպով մենք տեսնում ենք խնդրը, բայց կարգավորումների հարցում մենք պետք է գնանք նաև հեռանկարայնության ճանապարհով, որովհետև մենք գործ ունենք շատ նուրբ ոլորտի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։