Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը սկսում են բանակի համար նախատեսված դաշտային խոհանոցների արտադրություն։ Այս մասին հայտարարել է թուրքական Öztiryakiler ընկերությունը։ Նախատեսվում է արտադրել 4 տիպի դաշտային խոհանոցներ։ Բացի այդ, երկու երկրների բանակների համագործակցության շրջանակներում արտադրվելու են ջրամաքրման սարքեր։
Թուրքական ընկերությունը հայտնել է, որ Ստամբուլում տեղի ունեցած IDEF -2011 սպառազինության միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և Ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հետաքրքրվել են Թուրքիայի զինված ուժերի համար արտադրված իրենց դաշտային խոհանոցներով և հավանել դրանք։ Կնքված համաձայնագրով՝ թուրքական ընկերությունն ադրբեջանական բանակի համար արտադրելու է տարբեր տիպի սարքավորումներ։
Հիշեցնենք, որ Ստամբուլում IDEF-2011 պաշտպանական արդյունաբերության 10-րդ միջազգային ցուցահանդեսը բացվել է այս տարվա մայիսի 10-ին։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հովանավորած այդ ցուցահանդեսին մասնակցել է 44 երկիր ներկայացնող 575 ընկերություն և 65 երկրի 350 օտար պատվիրակություն:








































