Հայաստանի իշխանական համակարգում թափուր մնաց ևս մի պաշտոն՝ հրաժարական տվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որի կուսակցությունը մի քանի օր առաջ հայտարարել էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու և ընդդիմություն դառնալու մասին: Ըստ որում, Արթուր Բաղդասարյանը շատ հետաքրքիր ընդդիմություն է դառնում: Մի կողմից՝ նա ղեկավարելու է ՀԱՊԿ-ի երևանյան ակադեմիան, ինչն, ըստ էության, պարզ ասած՝ ռուսական պաշտոն է Հայաստանում, ռուսական ոտնատեղ Հայաստանում, իսկ մյուս կողմից՝ հայտարարում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա բոլոր կենտրոնների հետ, այդ թվում՝ Եվրոպայի:
Այսինքն՝ ըստ էության, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունների «կույրաղիքի» քաղաքական դերակատարում ունեցող «Օրինաց երկիրը» այսօր էլ ստանձնելու է ընդդիմադիր դաշտի «կույրաղիքի» քաղաքական դերը:
Սակայն ՕԵԿ-ի քաղաքական ապագայից ավելի կարևոր է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի հարցը: Կամ ավելի ճիշտ՝ կարող էր կարևոր լինել, եթե Հայաստանը լիներ ինքնիշխան պետություն, և Հայաստանում լիներ սահմանադրական իշխանություն: Այնպես որ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը կլուծվի բացառապես ներիշխանական առևտրի շրջանակում՝ ըստ ներիշխանական փոխհարաբերությունների նպատակահարմարության:
Այսինքն՝ ոչ մի կասկած չկա, որ ԱԽ քարտուղարի նոր թեկնածության նշանակման հարցում որևէ կերպ չեն դիտարկվում երկրի առջև կանգնած արտաքին ու ներքին մարտահրավերները, դրանցից բխող, այսպես ասած, թեկնածուական անհրաժեշտությունները՝ այս կամ այն հատկանիշի կամ ելակետի առումով:
ԱԽ քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը դառնալու է Հայաստանում կառավարության պաշտոնանկությամբ սկսված վերադասավորումների շղթայի օղակներից մեկը: Իսկ այդ վերադասավորումների տրամաբանությունն արդեն պարզ է. Սերժ Սարգսյանն այդ վերադասավորումներով փորձում է մեղմել լարված իրավիճակը և այն կայուն ու կառավարելի պահել մինչև 2017-18թթ., իսկ ներիշխանական հակադիր բևեռը, որտեղ ԲՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն են, փորձում են վերադասավորումները ծառայեցնել համակարգում սեփական ազդեցությունը մեծացնելուն և Սերժ Սարգսյանին կամ հնարավորինս շուտ հեռացնելուն, կամ էլ, այսպես ասած, հերթական ժամկետով հեռանալու պարագայում այլ ելք չթողնելուն, քան իշխանությունն իրենց հանձնելը:
2008 թվականից ի վեր՝ Արթուր Բաղդասարյանի նշանակմամբ, այս պաշտոնն ըստ էության վերածվել է դեկորացիայի: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ սեպտեմբերի 3-ից հետո դեկորացիայի է վերածվել Հայաստանն ընդհանրապես՝ որպես պետություն, ապա ԱԽ քարտուղարի պաշտոնի մասով պատկերը կդառնա ամբողջական: Եթե անգամ ամենաարմատական ընդդիմադիր գործիչը նշանակվի այդ պաշտոնին, ի՞նչ է փոխվելու: Գործնականում՝ ոչինչ: Հետևաբար հասարակական շահի տեսանկյունից լավ կլիներ նույնիսկ ոչ միայն այդ պաշտոնին որևէ մեկին չնշանակել, այլև Անվտանգության խորհուրդը լուծարել և խնայել այդ մարմնի վրա կատարվող ծախսերն ընդհանրապես: Մի՞թե կգտնվի մեկը, որը կկասկածի, որ ներկայիս իրավիճակում ԱԱԽ լուծարման դեպքում Հայաստանում որևէ առումով անվտանգության տեսանկյունից դույզն-իսկ փոփոխություն չի արձանագրվի: Ավելին՝ եթե այդ կառույցի տարեկան բյուջեն տրամադրվի սոցիալական նպատակներին, և Հայաստանից հեռացող թեկուզ մեկ ընտանիք դրա շնորհիվ մնա Հայաստանում, ապա Հայաստանի անվտանգության մասով այդ քայլը շատ ավելի գործնական և օգտակար կլինի:








































