ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ, ժողովրդական պատգամավոր Վիտալի Կլիչկոն այսօր փաստաթղթեր է ներկայացրել Կիևի քաղաքային ընտրական հանձնաժողով՝ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում որպես թեկնածու գրանցվելու համար: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Գերագույն ռադան Կիևի քաղաքապետի և քաղաքային խորհրդի ընտրությունները նշանակել է մայիսի 25-ին, նույն օրը կանցկացվեն պետության ղեկավարի արտահերթ ընտրությունները:
Կիևի քաղաքային ընտրական հանձնաժողովն ապրիլի 23-30-ը ընդունում է փաստաթղթեր՝ քաղաքապետի պաշտոնում թեկնածուների գրանցման համար:
ՈՒԴԱՌ-ի առաջնորդը նաև 52.9 հազար գրիվեն գրավ է թողել (4600 դոլար): Նա փաստաթղթերը ներկայացրած երկրորդ անձն է: Մինչ նա՝ փաստաթղթեր է ներկայացրել Կիևի վարչակազմի նախկին նախագահ Իվան Սալիյը:
Կլիչկոն լրագրողներին հայտնել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի առաջին քայլերի ծրագիրը, որոնք նա և իր թիմը ծրագրում են իրականացնել մայրաքաղաքում:










































