«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանը:
– Պարոն Ղազարյան, մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է Ձեզ հետ աշխատել, և դա պայմանավորված է իր խնամու կուսակցության հետ Ձեր հարաբերություններով: Որևէ հանդիպում, քննարկում ունեցե՞լ եք Հովիկ Աբրահամյանի կամ Սերժ Սարգսյանի հետ այդ թեմայով:
– ՀՀ մարզպետների պաշտոնի նշանակելն ու ազատելը վեր է օրենսդրությամբ մարզպետներին վերապահված իրավասությունների շրջանակից, հետևաբար ես իմ պաշտոնավարման հետ կապված որևէ հարցի պատասխանելու իրավասություն չունեմ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցող պաշտոնական և աշխատանքային հանդիպումներին, ապա դրանց մասին հանրային պատշաճ իրազեկումն իրականացվում է համապատասխան աշխատակազմերի լիազորված պաշտոնատարների միջոցով: Եթե ինձ հնարավորություն է տրվում մասնակից լինել ինձանից բարձր դիրք ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մոտ տեղի ունեցող միջոցառումներին և հանդիպումներին, ապա դա դեռ ինձ իրավունք չի վերապահում հանրությանը հայտնել տեղեկություններ դրանց մասին: Ի դեպ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իմ նշանակման լուրը, անկախ լրատվամիջոցներով մինչ այդ շրջանառվող այլ վարկածների, հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից անմիջապես հետ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
– Հնարավո՞ր է՝ Դուք էլ դեռ տեղյակ չեք Ձեր պաշտոնավարման հեռանկարի մասին:
– Կարծում եմ՝ կարող եք այդ հարցի պատասխանը փնտրել Ձեր առաջին հարցին տրված իմ արձագանքում:
– Ինչպիսի՞ն են այսօր Ձեր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, հայտնի է, որ մարզի Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետը ԲՀԿ-ական է:
– Ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և հարաբերություններ ունեմ միայն մեր կուսակցության և դրա առանձին կառույցների հետ: Այլ կուսակցությունների հետ ես որևէ հարաբերություններ չունեմ: Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարների կուսակցական պատկանելությանը, ապա ՀՀ Վայոց ձորի մարզի 44 համայնքների ղեկավարներից 34-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են, 7-ն անկուսակցական, իսկ 3-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Համայնքների ղեկավարների հետ պաշտոնական հարաբերություններում ես իմ և նրանց կուսակցական պատկանելությամբ չեմ առաջնորդվում:
– Երբ Դուք նոր էիք նշանակվել մարզպետ, ասացիք, որ ԲՀԿ-ն ոչ մի ներդրում չի արել մարզում` ունենալով ԲՀԿ-ական մարզպետ: Ի՞նչ է Ձեզ հաջողվել անել և որքան ներդրում է եղել Ձեր պաշտոնավարման ժամանակ մարզում:
– Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում մարզում ներկայումս իրականացվում է Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկը` Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, որն իր ծավալներով էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր մարզի տնտեսության կառուցվածքի, այլև ՀՀ տնտեսության վրա ընդհանրապես: Միաժամանակ Ջերմուկ քաղաքում ներկայումս իրականացվում են 6 ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում կառուցվում են ժամանակակից հյուրանոցներ և առողջարաններ: «Հայկական միրգ» ծրագրի շրջանակներում 7 համայնքներում ներդրումներ են իրականացվում այգեգործության ոլորտում: ՀՀ պետական բյուջեի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացվել են ավելի քան 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր սոցիալական ենթակառուցվածքներում և այլն: Այս ամենով մենք չենք բավարարվում, ուստի 2014 թվականի աշնանը, Արենի գինու փառատոնի շրջանակներում, մտադիր ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կազմակերպել Վայոց ձորի ներդրումային համաժողով, որի շրջանակներում հավանական ներդրողներին կներկայացնեք մեր կողմից մշակված գործարար ծրագրերն ու ներդրումային նախագծերը:
– Կոնկրետ ՀՀԿ-ն և, օրինակ, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ներդրումներ արե՞լ են մարզում: Տեղեկություն կա, որ մարզը ամենաաղքատներից է և արտագաղթը շատ է այդ մարզից:
– Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական մարմին է, հետևաբար գործարարության ոլորտում ներդրումներ չի կատարում: Ներդրումներ իրականացնող ընկերությունների սեփականատերերի թվում քիչ չեն անհատները, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են: Ինձ մի փոքր անհասկանալի է թվում, թե ինչու եք Դուք մեր մարզում գործող բազմաթիվ ընկերություններից առանձնացնում ընդամենը մեկին, և շեշտում մի մարդու անուն, որը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ձեռնարկատիրական գործունեությամբ չի կարող զբաղվել: Ինչ վերաբերում է մարզն ամենաաղքատը լինելուն կամ արտագաղթին, ապա առաջարկում եմ բացել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2013» հրապարակումը և պարզել, որ 2012 թվականի ցուցանիշներով ծայրահեղ աղքատության ցուցանիշը Վայոց ձորում կազմում է 0,5 տոկոս (միջին հանրապետականը 2,8), աղքատությունը 20,7 (միջին հանրապետականը 32,4), որոնք դրական իմաստով լավագույն ցուցանիշներն են հանրապետությունում:










































