Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց Աննա Գաբայանի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Նիստը սկսվելուց առաջ պաշտպան Գայանե Գալոյանը ցանկություն հայտնեց, որ լրագրողները նիստին ներկա չլինեն՝ անհանգստություն հայտնելով, թե մամուլում հրապարակումները կարող են պատճառ դառնալ, որ իր պաշտպանյալը կորցնի աշխատանքը:
Նախագահողը պարզաբանեց, որ դռնբաց դատական նիստից լրագրողներին հանելը օրենքից չի բխում:
Գործով տուժող կինը դիմում էր գրել, որով տեղեկացրել էր, թե իր երեխան վատառողջ է, գտնվում են Արաբկիր բժշկական կենտրոնում, դատական նիստին ներկայանալ չի կարող: Միաժամանակ տուժողը հայտնել էր, որ ինքը չի առարկում արագացված կարգով գործը քննելու դեմ, ամբաստանյալից որևէ պահանջ չունի:
Ամբաստանյալ Աննան 1977 թվականին է ծնվել, երկու անչափահաս երեխայի մայր է, միջնակարգ մասնագիտական կրթություն ունի:
Պաշտպան Գալոյանը միջնորդություն ներկայացրեց գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ:
Ամբաստանյալը միացավ միջնորդությանը:
Մեղադրող Բասենցյանը չառարկեց:
Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատան նորածնային բաժանմունքի բուժքույր Աննան այդ հիվանդանոցում տղա ունեցած ծննդկան կնոջը՝ Արարատի մարզի բնակչուհուն 2013 թվականի սեպտեմբերի 5-ին բժշկի նշանակումով հակաբորբոքային դեղամիջոց է ներարկել, քանի որ կնոջ ջերմությունը բարձրացել էր:
Ըստ մեղադրանքի՝ այդ ներարկումը բուժքույրը կատարել է մասնագիտական անփութություն դրսևորելով, տեխնիկապես ոչ ճիշտ. ծննդկանի հետույքային շրջանում ներարկման տեղը ճիշտ չի ընտրել, սեպտիկայի կանոններն էլ չի պահպանել: Արդյունքում, խնդրեմ, թարախակույտ է առաջացել: Դա, պարզվում է, մարդու առողջությանը միջին ծանրության վնաս հասցնող թարախակույտ է եղել: Այդպես են եզրակացրել փորձագետները:
Ամբաստանյալ կինն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 1-ին մասով:
Դատարանն արձանագրեց, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 100 հազար դրամ տուգանքի:
Պաշտպանն ասաց, թե բուժքույրը ծննդկանի առողջությանը դիտավորությամբ չի վնաս հասցրել, այլ ընդամենը աբսցես է առաջացել, ինչը «ցանկացած աշխատողի հետ կարող է պատահել»: Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալն աշխատանքային կենսագրության ընթացքում անգամ կարգապահական տույժի չի ենթարկվել, տվյալ թարախակույտը ցավալի պատահականություն է: Պաշտպանը խնդրեց ամբաստանյալի նկատմամբ նշանակել ամենամեղմ պատիժը:
Մեղմ պատիժ խնդրեց նաև ամբաստանյալը:
Ընդհանուր իրավասության դատարանը անփույթ սրսկում կատարած բուժքրոջը դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի:








































