Երևանի քաղաքապետի հրավերով ս.թ. հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարման, տրանսպորտային, մշակույթի, կրթական և քաղաքաշինական ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հետ:
Երևանի քաղաքապետարանում պատվիրակության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվի գործընկերության համաձայնագիր։ Պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:
Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:










































