Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ։ Վերանորոգումն իրականացվում է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կողմից։ Ըստ Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչինի, այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020-ի վերջին։
Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական Ֆաթիհփաշա հայաշատ թաղամասում։ 1915-ի հայերի ցեղասպանության հետևանքով լքված շուրջ 3․000 քմ տարածք զբաղեցնող եկեղեցին վերաբացվել էր 1960-ականներին, սակայն 1980-ական թվականներին շրջանում բնակվող հայերի թվի խիստ պակասելու հետևանքով կրկին բարձիթողի վիճակում էր հայտնվել։