Այսօր Լիբանանում մեկնարկում են նախագահական ընտրությունները: Համաձայն բազմակրոն երկրի Սահմանադրության՝ խորհրդարանականները պետության նոր ղեկավար են ընտրում քրիստոնեական համայնքից: Ինչպես սպասվում է՝ լարված պայքար կծավալվի երկու թեկնածուների միջև՝ սուննի Սաադ Հարիրիի գլխավորած արևմտամետ «Մարտի 14» բլոկի ներկայացուցչի և «Մարտի 8» կոալիցիայի ներկայացուցչի միջև: Կոալիցիան սերտ կապեր ունի արմատական շիայական «Հըզբոլլահ» շարժման և Սիրիայի հետ:
Ընտրությունների ելքը ցույց կտա ուժերի բաշխվածությունը ողջ տարածաշրջանում, և առաջին հերթին այն, թե որքան ուժեղ են «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակցի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերը: Այս մասին գրում է Kommersant-ը:
Ներկայիս նախագահ, մարոնիթ Միշել Սուլեյմանի լիազորությունների 6-ամյա ժամկետը լրանում է մայիսի վերջին:
Ընտրություններն անցկացվում են անկայունության ու հակասությունների սրման ֆոնին, որի հիմքում հարևան Սիրիայում ընթացող քաղաքացիական հակամարտությունն է:
Ընտրությունների նախօրեին փորձագետները գլխավոր հավակնորդներ են համարում «Լիբանանյան ուժեր» կուսակցության առաջնորդ Սամիր Ջաջային և Ազատ հայրենասիրական շարժման հիմնադիր Միշել Աունին: Առաջինին աջակցում է «Մարտի 14» բլոկը, իսկ Աունիին՝ «Մարտի 8» կոալիցիան:
Չնայած նախագահը Լիբանանում ըստ էության իրական իշխանություն չունի, նրա անձը բավականին հեղինակավոր է և ցուցադրում է ուժերի բաշխվածությունը ոչ միայն երկրի ներսում, այլև ողջ տարածաշրջանում:









































