աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին համերգ կտա Հայաստանում։ Այդ մասին հայտնում է PanARMENIAN.Net-ը հղում անելով նրա ֆեյսբուքյան պաշտոնականէջում։ Թե կոնկրետ որտեղ՝ չի մանրամասնվում։ Վերջին անգամ Ազնավուրը Հայաստանում էր նախորդ տարի՝ 2013-ին, Ոսկե ծիրանի շրջանակում։ Կինոփառատոնի փակման օրը շանսոնյեի անվամբ հրապարակում բացվեց նրա անվանական աստղը։
Մայիսի 22-ին լրանում է Ազնավուրի 90-ամյակը, որը նա կնշի Գերմանիայում՝ Բեռլինի O2 World մարզադաշտում կայանալիք «Լեգենդը վերադառնում է» համերգով:
Գերմանիայում երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին՝ Մայնի Ֆրանկֆուրտում: Իր ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրն 100 մլն-ից ավելի ալբոմ է վաճառել, 1200 երգ գրել: Նա նկարահանվել է 80 ֆիլմում և հազարավոր համերգներ տվել ամբողջ աշխարհում:
Եվս մեկ համերգ Ազնավուրը կտա հունիսի 26-ին՝ Բարսելոնայում: Դրա ընթացքում կհնչեն շանսոնյեի հայտնի La Boheme, La Mamma, Venecia Sin Ti երգերը և այլ հիթեր, որոնց շնորհիվ նա ճանաչված և սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կանցնի Լիսեու Մեծ թատրոնում:










































