Այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Հրանտ Վարդանյանի հոգեհանգիստը: Հրանտ Վարդանյանին հրաժեշտ տալու էին եկել քաղաքական գործիչներ, գործարարներ, հազարավոր քաղաքացիներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ Հրանտ Վարդանյանը բարձր որակի մարդ էր. «Լուրջ գործարար մարդու կորուստ ունեցանք, և ինքը իսկապես հավասարակշռված մարդ էր, մշտապես չափի մեջ, իր գործի խոշոր գիտակ, ափսոս, որ ժամանակից շուտ հեռացավ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հրանտ Վարդանյանը թե՛ որպես գործարար, թե՛ խոշոր հարկատու, բարերար էր. նա երբեք չէր ներկայացնում՝ ինչքան բարություն է անում, դա նրա հարստությունն էր»,- հավելեց Սուրեն Խաչատրյանը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ Հրանտ Վարդանյանը պլանային տնտեսության ժամանակներից արտադրության կապիտան էր և այդպիսին էլ մնաց: Նրա աշխատանքային գործունեությունը ուղղված էր քաղաքացիների պահանջմունքների բավարարմանը:
Գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ նշեց, որ կորցրինք մեկին, ով ստեղծել էր մի համակարգ, որը պիտանի էր Հայաստանին: «Շատ մտերիմ էինք, երևանցի հայ մարդ էր, մտահոգ ամեն ինչով, ամեն ինչի մասին խոսում էր, ամեն ինչ քննարկում, ուներ իր տեսլականը»։
Ի դեպ, Վարդանյանների ընտանիքը նախապես տեղեկացրել էր, որ որևէ լրատվամիջոց եկեղեցու ներսում նկարահանում չիրականացնի:








































