Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Լիբիայի դեսպանությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը կիրակի օրվանից՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ գրում է ria.ru-ն:
Նախօրեին Եգիպտոսի խորհրդարանի խոսնակ Ալի Աբդել Ալն ասել է, որ Կահիրեն երկրի արևելքում Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարան) համարում է լիբիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը: Լիբիայի Պետական բարձրագույն խորհուրդը, որը նստած է Տրիպոլիում, քննադատել է այս հայտարարությունը:
«Կահիրեում Լիբիայի պետության դեսպանությունը Լիբիայի քաղաքացիներին և Եգիպտոսի եղբայրական Արաբական Հանրապետությունում լիբիական սփյուռքին հայտարարում է, որ դադարեցնում է աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով 2019 թվականի 15 դեկտեմբերից մինչև հետագա ծանուցում», – ասվում է Facebook-ում դեսպանատան տարածված հայտարարության մեջ: