Մետրոյի թանկացման հարցի շուրջ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին հրավիրվել էր նաև Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, սակայն նա հարկ չէր համարել ներկա գտնվել:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի բնորոշմամբ, այս 100%-անոց թանկացումը զգալի հարված է հասցրել սպառողների գրպանին, իսկ մետրոյից օգտվողների թիվը, ըստ իրենց դիտարկումների, նվազել է շուրջ 10-20%-ով: Մետրոյի թանկացման դեմ նախաձեռնող խումբը 7-8 օր առաջ խնդրի շուրջ նամակ է հղել ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս արձագանք չի ստացել: Ա.Պողոսյանի կարծիքով, չնայած բարձրացած բողոքի ալիքին, իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկի իրավիճակը մեղմելու ուղղությամբ:
Ա.Պողոսյանը շեշտեց, որ պետք է զարգացնել մետրոն՝ կառուցել նոր կայարաններ: Մասնավորապես, Աջափնյակի կիսավարտ կայարանի համար հարկավոր է մոտ 100 մլն դոլար. «160 մլն դոլար ծախսվել է քաղաքի բարեկարգման համար Լինսի ծրագրով, բայց դրանց նպատակայնությունը լիարժեք չէր և այդ պատճառով Լինսը 200 մլն-ը ետ վերցրեց ու տվեց Կոլումբիայի համալսարանին»: Մեծ գումարներ են ծախսվում նաև շինարարության վրա, իսկ կառուցված շենքերը դատարկ են:
«Տրանսպորտում տիրող իրավիճակը ձեռք է տալիս 18-20 հոգու՝ գծերի տերերին, որոնք ԱԺ-ում են կամ պաշտոնյաներ են»,- ասաց Ա.Պողոսյանը:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ նոր քաղաքապետը ցանկացած հարցի մոտենում է բիզնեսի տեսանկյունից, սակայն կան խնդիրներ, որ չի կարելի միայն որպես բիզնես դիտարկել:











































