Ռուսաստանը հեշտացնում է ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորությունները: Այս հեշտացումը տեղի է ունենում ուկրաինական իրադարձությունների ֆոնին, սակայն ոչ մի կասկած չկա, որ սա առավել գլոբալ խնդիր է, որ փորձում են լուծել Կրեմլում: Իրականում ուկրաինական ֆոնն ուղղակի հարմար առիթ է հեշտացմանն ուղղված օրինագծերի համար:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանն արդեն մի քանի տարի է կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամային վիճակագրության առաջ: Հսկայական տարածքում 150 միլիոն մարդ էլ չի ապրում: Հեռավոր Արևելքը և Սիբիրը ընդհանրապես չինական էքսպանսիայի վտանգի տակ են: Ռուսաստանում աղետալի է սոցիալ-տնտեսական վիճակը, աղետալի է քաղաքակրթական վիճակը, աղետալի է հասարակության հոգեբանական վիճակը, ծնելիությունը ցածր է, մահացությունը` բարձր: Ըստ տարբեր հաշվարկների` Ռուսաստանի դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար տարեկան մոտ 300 հազար ներգաղթյալ է անհրաժեշտ: Որտեղից գտնել այդ ներգաղթյալներին:
Ռուսաստանն Ամերիկա կամ Եվրոպա չէ, ուր ինքնամոռաց կերպով սլանան ներգաղթյալներ այլ երկրներից, կամ սլանան մասնագետներ բարձր աշխատավարձի հետևից: Ռուսաստանի հույսը հետխորհրդային հանրապետություններն են, հատկապես նրանք, որոնք դեռ համարվում են ռուսական սատելիտներ: Եվ ահա, ուկրաինական իրադարձություններն այս սատելիտներից քաղաքացիներ ներգրավելու և սեփական դեմոգրաֆիական խնդիրները լուծելու հիանալի առիթներ տվեցին, որն էլ օգտագործում են Ռուսաստանի հեշտացված քաղաքացիություն տալու տեսքով, օրինակ:
Սրանով Մոսկվան փորձ է անելու լուծել իր դեմոգրաֆիական խնդիրները, բնակեցնել Սիբիրն ու Հեռավոր Արևելքը, որպեսզի դիմակայի չինական էքսպանսիային, եթե իհարկե գոնե այդ ճանապարհով կարողանա: Մոսկվային դրա համար են պետք իր սատելիտները, այդ թվում` Հայաստանը. տարածք, որպեսզի այդ տարածքն, այսպես ասած, ռազմական հենակայան ծառայի, և մարդիկ, որպեսզի նրանք ՌԴ քաղաքացիություն ստանան և տեղափոխվեն Ռուսաստան ապրելու:
Միաժամանակ թե դեմոգրաֆիական խնդիրներ կլուծվեն, թե կլուծվի տարածքները պահելու՝ սատելիտ տարածքները պահելու էժանության հարցը, այսինքն` շատ մեծ ծախսերի կարիք չի լինի տարածքներում սոցիալական բունտ և ազատագրական պայքար ենթադրող հեռանկարներն ու վտանգները կանխելու համար: Մեկ հարվածով սպանվում է մի քանի նապաստակ: Առավել ևս, որ «նապաստակները» սպանված են ի սկզբանե, այսինքն` խփված են ի սկզբանե, կեղծված ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների, անընդհատ նույն տարբերակով վերարտադրվելու նրանց գործունեության և այս ամենի հետևանքով երկիրը թշվառ վիճակի բերելու արդյունքում:
Ռուսաստանին ոչինչ պետք չէ, օրինակ, Հայաստանի քաղաքացիներին գայթակղելու կամ համոզելու համար, որ նրանք ստանան ՌԴ քաղաքացիություն: Բավական է ընդամենը հեշտացնել պայմանները: Հայաստանի քաղաքացիները ՌԴ անձնագրերը ուղղակի որպես փրկություն են ընկալում, և դա է պատճառը, որ այսօր ամեն օր տասնյակ մարդիկ Հայաստանում քննություն են տալիս ռուսերենի իմացությունից, պատրաստվելով ՌԴ անձնագրեր ստանալուն: Ռուսաստանում այդ ցանկությունն արտահայտում են տասնյակ հազար հայաստանցիներ, որոնք գնացել են արտագնա աշխատանքի, և ստանալով ՌԴ քաղաքացիություն` նրանք ազատվում են բյուրոկրատական խնդիրներից, նրանք կարող են իրենց ընտանիքները հանգիստ տեղափոխել Ռուսաստան ու ապրել:
Այս իրավիճակը Հայաստանի անկախության կարևորագույն կռվաններից մեկն է, ոչ պակաս կարևոր, քան օրինակ` անվտանգության խնդիրներն են դիտվում: Եթե Ռուսաստան է փախչում Հայաստանի բնակչությունը, եթե այդ բնակչության գրեթե կեսն իր օրվա հացը վաստակում է Ռուսաստանում, ապա սա հսկայական արգելք է Հայաստանի անկախության ճանապարհին, սա առաջին հարվածն է Հայաստանի անկախությանը: Սակայն Հայաստանում ոչինչ չի արվում այդ մարդկանց պահելու, Հայաստանում ապրելը հեշտացնելու, Հայաստանի քաղաքացի լինելը արժևորելու համար՝ և՛ սոցիալական, և՛ հոգեբանական տեսանկյունից:
Հայաստանում Հայաստանի քաղաքացին նվաստացված է, նրա իրավունքը, արժանապատվությունը` ոտնահարված: Հայաստանում իշխանություն հաստատած համակարգը, որը բյուրեղանում է արդեն մոտ երկու տասնամյակ, քաղաքացու հաշվին ստացել է իշխանական ու ոչ իշխանական միլիարդատերերի կամ միլիոնատերերի մի բանակ, որոնք այսօր կռվում են ոչ թե Հայաստանի քաղաքացու արժանապատվության և անկախության, այլ իշխանության և ռեսուրսների վերաբաժանման համար: Հայաստանում իշխանություններն ու ընդդիմություն կոչված ուժերը պայքարում են ոչ թե Հայաստանի քաղաքացուն, այլ Ռուսաստանին, Կրեմլին դուր գալու համար:
Հայաստանի քաղաքացին ընդամենը այդ գործընթացում պաթետիկ ելույթների հերոս է, ուրիշ ոչինչ: Ու նա գերադասում է հեռանալ և ապրել Ռուսաստանում: Միևնույն է` նրան այստեղ ոչ ոք ավելին չի էլ առաջարկում: Առաջարկում են ընդամենը «արժանապատիվ» կյանք ռուսական արևի ներքո: Իսկ այդ դեպքում մարդիկ կգերադասեն ուղղակիորեն ապրել այդ արևի տակ, ոչ թե Հայաստանի որևէ իշխանությամբ միջնորդավորված:










































