Քեսաբահայերը դեռևս Լաթաքիայում են, սակայն արդեն իսկ վերադարձի հույսեր են արթնանում: Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մնացել է մեկ-երկու բլուր, որոնք հաղթահարելուց հետո կլինեն Քեսաբում:
«Լավ ենք, լավ: Բան չկա, բավական առաջանում ենք, սպասում ենք հիմա: Մի քանի քայլ առաջացել ենք, սպասում ենք` էլի առաջանանք, որ Քեսաբ հասնենք: Մեկ-երկու բլուր է մնացել, դրանք հաղթահարելուց հետո կհասնենք Քեսաբ, ճանապարհն ենք մաքրում»,- ասաց նա` հավելելով, որ առաջ են գնում, արդեն բարձր տեղեր են հասել:
Քաղաքապետի խոսքով` Քեսաբում հայ ընտանիքներ չեն մնացել, բոլորը տեղափոխվել են, բոլորը լավ են, իսկ առաջիկա երկու-երեք օրվա մեջ իրենք էլ Լիբանանում կլինեն: Տեղում` Լաթաքիայում հաստատված քեսաբահայերի վիճակը լավ է, Չափարյանի խոսքով` որևէ օգնության կարիք դեռ չկա:
«Ոչինչ պետք չէ, գրեթե ամեն ինչ կա, քաղաքում վիճակը լավ է հիմա, կերակուր, ամեն ինչ կա, ապահովված է: Արդեն վաղը մեզ օդանավ կհասնի Հայաստանից»,- ասաց նա: Լրացուցիչ տեղեկություններ ստանալ չկարողացանք, քանի որ քաղաքապետը խոսքն ընդհատեց` նշելով, որ վտանգավոր հատվածում է, ընտանիքը Լաթաքիայում է, սակայն ինքը վերևում է` կամավորների մոտ:









































