Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Չելսի»-ի հետ դիմակայությունից առաջ խոսել է երկու թիմերի նմանությունների մասին, ինչպես նաև նշել է, որ երկու հանդիպումներում էլ ամեն ինչ կորոշեն մանրուքները:
«Մենք «Չելսի»-ի հետ շատ նմանություններ ունենք: Մենք երկուսս էլ ազգային առաջնությունների վերջին խաղերում գրավել ենք մրցակիցների դարպասները, երկուսիս մոտ էլ շատ լավ պաշտպանական գիծ կա, երկուսս էլ նախընտրում ենք արագ հարձակվողական ֆուտբոլը: Ե՛վ մենք, և՛ նրանք ուժեղ ենք ստանդարտների ժամանակ: Այս հատկանիշները երկուսիս էլ օգնում ենք ազգային առաջնություններում պայքարել ոսկու համար: Մենք կենտրոնացած ենք ինքներս մեզ վրա, բայց հարգում ենք նաև մրցակցին: Մենք գիտենք մեր ուժեղ և թույլ կողմերը: Առաջին հերթին մենք կփորձենք օգտագործել մեր ուժեղ կողմերը, իսկ երկրորդ՝ կփակենք թույլ կողմերը:
Բոլորը խանդավառված են: Սա կիսեզրափակիչ է, այնպես որ խաղը բարդ է լինելու: Այսպիսի խաղերում ամեն ինչ որոշում են մանրուքները: Միայն թիմային խաղի բարձր մակարդակը թույլ կտա ֆուտբոլիստներին ցուցադրել իրենց անհատական որակները, որոնք կարող են որոշել արդյունքը: Ում մոտ որ դրանք ավելի լավ ստացվեն, նա էլ մոտ կլինի հաղթանակին առաջին հանդիպմանը»,- արգենտինացի մարզչի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ՉԼ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ատլետիկո» – «Չելսի» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 22-ին, Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:








































