Հոլիվուդյան ռեժիսոր Կառլ Ռինշը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման՝ Netflix-ից 11 միլիոն դոլար խարդախությամբ յուրացնելու համար։ Դատարանի տվյալներով՝ Ռինշը Netflix-ին հայտնել էր, որ լրացուցիչ 11 միլիոն դոլար է անհրաժեշտ «White Horse» գիտաֆանտաստիկ սերիալի նկարահանումներն ավարտելու համար։ Սակայն գումարը նա չի օգտագործել նախագծի վրա, այլ փոխանցել է իր անձնական հաշվին։
Դատախազության համաձայն՝ ռեժիսորը գումարի մի մասը կորցրել է անհաջող ներդրումների հետևանքով, իսկ մնացածը ծախսել է շքեղ գնումների վրա։ Նա ձեռք է բերել հինգ Rolls-Royce, Ferrari, թանկարժեք ժամացույցներ, հագուստ, կահույք և այլ շքեղ իրեր։ Միայն երկու ներքնակի համար վճարել է 638 հազար դոլար։ Դատարանում Ռինշը հայտարարել է, որ իր գործողությունները պայմանավորված են եղել հոգեկան առողջության խնդիրներով և ներողություն է խնդրել՝ ընդունելով, որ իր արարքներով վնաս է հասցրել։ Բացի ազատազրկումից, ռեժիսորը պարտավոր է Netflix-ին վերադարձնել նաև մոտ 11 միլիոն դոլար։







































