Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է «նորմանդական գագաթնաժողովի» շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հիմա ճիշտ է դիվանագետ լինել: Եկեք ասենք, որ առայժմ «ոչ-ոքի է»,- ասել է նա, հավելելով, որ «որոշ զիջումներ» է նկատել Պուտինի կողմից: «Հնարավո՞ր է համաձայնության գալ: Դժվար է, բայց այսօր եղել են պահեր, երբ մենք ինչ-որ բաների շուրջ պայմանավորվել ենք»,- նշել է Զելենսկին:
Գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն խոստացել էր, որ ուկրաինական իշխանությունները բանակցություններում «ոչ մի միլիմետր» չեն նահանջի իրենց դիրքերից:
Բանակցություններն, ընդհանուր առմամբ, շարունակվել են 5.5 ժամ, որից մոտ 1.5 ժամը տևել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմ հանդիպումը: Գագաթնաժողովի արդյունքներով երկրների ղեկավարներն ընդունել են երեք կետերից բաղկացած կոմյունիկե. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման համար», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների կատարմանն ուղղված միջոցառումներ» և «Շարունակություն»: