Վրաստանի համար ներկայում անընդունելի է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որևիցե կենտրոնի բացումը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն՝ տեղեկացնում է Interfax-ը։
Նա այդ կերպ է պատասխանել դեկտեմբերի կեսին Թբիլիսիում ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն բացելու Մոսկվայի մտադրությանը, որի մասին նոյեմբերի վերջին Պրահայում ասել է ռուսաստանցի սենատոր Գրիգորի Կարասինը:
«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, և ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,- ասել է Տալակվաձեն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում ռուսական կենտրոնի բացման գաղափարը, լրագրողներին հայտարարել է, որ այդ մասին խոսելը վաղաժամ է, «քանի դեռ Վրաստանում շարունակվում է օկուպացումը»: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանում ակտիվիստները ստորագրահավաք են սկսել իշխանություններին ուղղված հանրագրի տակ, որպեսզի թույլ չտան Թբիլիսիում ռուսաց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացումը: Հանրագիրն արդեն ստորագրել է մոտավորապես 4 հազար մարդ: