Իրանում բողոքների ալիքի անմեղ զոհերը պետք է համարվեն նահատակներ, իսկ նրանց ընտանիքներին անհրաժեշտ է փոխհատուցումներ վճարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է interfax-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:
Սա է եղել նրա պատասխանը բողոքների վերաբերյալ զեկույցին, որը պատրաստել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, որի դրույթները նա կարգադրել է «կատարել այնքան արագ, որքան հնարավոր Է»:
Սովորաբար Իրանի Իսլամական Հանրապետությունում նահատակներ են համարում այն զինվորներին, որոնք զոհվել են հայրենիքի համար մարտերում: Այաթոլլա Խամենեիի մեկնաբանությունները դեկտեմբերի 5-ին հրապարակվել են նրա կայքում:
Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Էր, որ վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում անվտանգության ուժերի կողմից անարդարացիորեն ձերբակալված մարդիկ պետք է ազատ արձակվեն:
«Հարկավոր է կրոնական, իսլամական գթասիրություն հանդես բերել, և այն անմեղ մարդիկ, որոնք բողոքում էին բենզինի գների բարձրացման դեմ և զինված չէին, «…» պետք է ազատ արձակվեն»,-ասել էր նա: