Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ ընտրված Գարեգին Ազարյանը իր խոսքում նկատեց, որ, ԿԸՀ-ի ներսում ընթացող վերջին զարգացումներից զատ, առաջիկայում սպասվում են կարևոր իրադարձություններ։ Հետևաբար, նախընտրում է խոսել այդ սպասվելիք իրադարձությունների մասին և պատասխանել հարցերին, իսկ խոսքը մասնավորապես վերաբերում է 2012 թվականի խորհրդարանական, 2013 թվականի նախագահական, այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների և Երևանի քաղաքապետի ընտրություններին: Բացի այդ, առաջիկայում սպասվելու են նաև ընտրատարածքների հանձնաժողովների անդամների և դիտորդների մրցույթներ:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու է Ազարյանը այդքան ձանձրալի խոսում նորությունների և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, վերջինս արձագանքեց, որ դրանք իր համար նորություն չեն, որովհետև շուրջ երեք տարի աշխատում է դրանց վրա: Նրա խոսքերով, թեև ԿԸՀ-ն գործում է քաղաքական դաշտում, սակայն քաղաքական մարմին չէ և իր գործունեությունը ծավալում է՝ համաձայն օրենսդրության և սահմանադրության:
Լրագրողները հետեքրքրվեցին, թե ինչ են անելու՝ զերծ մնալու համար արդեն ավանդական դարձած կեղծիքներից։ Գարեգին Ազարյանը պատասխանեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե կեղծիքներ չեն լինում, կեղծիքներ կան, բայց ոչ մեծ քանակությամբ, հետևաբար պետք է անել ամենը, որպեսզի կեղծիքները բացահայտվեն, իսկ կեղծիքներից զերծ մնալու համար պետք է բարձրացվի ընտրողների մասնակցությունը ընտրություններին, «նրանց բացատրվի քվեաթերթիկի գինը, որը առաջիկա 4-5 տարիներին իր և երկրի բարձրացման գինն է»։ Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ ընտրողի համար քվեաթերթիկի գինը 5000 դրամ է պարզապես։ ԿԸՀ նախագահն ասաց, որ քվեաթերթիկը գին չունի, ով է ընտրակեղծիքի մեջ, ըստ նրա, մեղավոր են բոլորը՝ ԿԸՀ նախագահից սկսած մինչև վերջին ընտրողը։ Հետևաբար առաջարկեց, որ արջի ծառայություն մատուցողները ընտրությունների ժամանակ զերծ մնան ընտրակեղծիքներից, իսկ նրանց վախեցնելու լավագույն միջոցը համարեց Քրեական օրենսգիրքը։
Ասուլիսի ընթացքում Գարեգին Ազարյանը առիթը բաց չթողեց նշելու, որ «2003 թվականից սկսած՝ ընտրությունների արժեքները եղել են այնպիսին, ինչպիսին հնչել է ԿԸՀ նախագահի շուրթերից»: Ինչ վերաբերվում է Բախչագուլյանին, որը դուրս մնաց ԿԸՀ կազմից և նշանակվեց սննդամթերքի պետական անվտանգության տեսչության պետ, Ազարյանն այդ առնչությամբ ասաց, որ ինքը Բախչագուլյանաին տեսնում էր ԿԸՀ-ում, քանի որ նա ունի շատ մեծ կազմակերպչական ջիղ, և հույս հայտնեց, որ նոր պաշտոնում իր կազմակերպչական շնորհքի միջոցով կկարողանա այն բարձրացնել, քանի որ տվյալ ոլորտում կան լուրջ խնդիրներ:











































