Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: Վարչապետի խոսքով՝ սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը պետք է անեն առաջիկայում: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում:
«Ամենևին մտադիր չեմ արձանագրել, թե այս խնդրի լուծումը միայն պատժողական քաղաքականության բաղադրամաս է: Ոչ, ամենևին: Այս առումով շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք հետևողական անելու ենք. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին և ներկա պաշտոնյաների գործունեության, հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երևելի և երևացող փարոս և դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին, որովհետև ռազմավարություններ, քաղաքականություններ, հայտարարություններ մինչև այժմ էլ ընդունվել են, արվել են, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները, մեր ժողովուրդը, միջազգային հանրությունը տեսնեն, որ այդ հայտարարություններին հետևում են կոնկրետ գործողություններ, ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումների, այնպես էլ չարաշահումների մասին հայտարարությունների պատշաճ քննության առումով»,- ասաց Փաշինյանը: