ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է՝ կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ պետք է կայացվի հստակ որոշում: Ապրիլի 18-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մելքումյանն անդրադարձավ կառավարության հայտարարությանը՝ պարտադիր գանձումներ չկատարողների նկատմամբ տույժեր չկիրառելու վերաբերյալ:
Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ կառավարությունն ընդառաջում է իրենց, նա պատասխանեց. «Ինչ է նշանակում ընդառաջել: Ես կարծում եմ՝ օրենքը պիտի հստակ չեղյալ համարվի, դա հստակ պիտի լինի, որովհետև ևս մեկ անգամ էսպես ինչ-որ բաներով գնալ… պետք է հստակ լինի»: Դիտարկմանը՝ կարծես թե կառավարության նոր ղեկավարի քայլերը ԲՀԿ-ի սրտով են, նա արձագանքեց, որ դեռ պետք է սպասել, չշտապել:
«Իհարկե, եթե մեր ծրագրերը, մեր մոտեցումներն իրականացնում են, ես չեմ էլ կարևորում, թե ով է իրականացնում, կարևորը՝ ժողովրդի կենսամակարդակը լավանա, մենք ունենանք արտագաղթի նվազեցում և այլն: Ես՝ որպես մասնագետ, հակված եմ, որ եթե իմ մոտեցումները կատարվում են, ինչի՞ պետք է դեմ լինեմ ես»,- ասաց նա՝ դարձյալ խորհուրդ տալով սպասել, տեսնել՝ ինչ կլինի: Ամեն դեպքում, պատգամավորի խոսքերով, ԲՀԿ-ն կողմ կլինի, որ իր սոցիալական, տնտեսական ծրագրերն իրականացվեն կառավարության կողմից: «Բայց դա, շեշտում եմ, կլինի այն դեպքում, երբ վարչապետը և մի շարք առանցքային նախարարներ կլինեն քաղաքական որոշումների վրա գոնե հիսուն տոկոս ազդեցություն ունեցող անձինք»,- ասաց նա:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ուրա՞խ են արդյոք ընդդիմադիր դաշտում նոր ուժի տեսնելու կապակցությամբ («Օրինաց Երկիր» կուսակցությունն օրեր առաջ հայտարարեց կոալիցիայի մաս չկազմելու և ընդդիմություն դառնալու որոշման մասին), նա պատասխանեց. «Իրենց գործն է, ներողություն, ես ոչ ուրախ եմ, ոչ ուրախ չեմ: Ինքն իր քաղաքական քայլը կատարել է, ես էդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»:









































