Ղազախստանում «Ժուլդըզար օտբասը-Անըզ ադամ» («Աստղային տուն՝ Մարդ-լեգենդ») ամսագրի ապրիլյան համարը նվիրված է Ադոլֆ Հիտլերի 125-ամյակին, հայտնում է REGNUM-ը:
Գործակալության հաղորդմամբ՝ ամսագրում քննարկվում է նացիստական Գերմանիայի ղեկավարի «անհատականության բազմակողմանիությունը»: Նյութի մեջ «Հիտլերը ֆաշիստ չէ», հեղինակն արդարացնում է նրան՝ դա ուղեկցելով քսենոֆոբիական մեկնաբանություններով: Եվս մեկ հոդված նվիրված է Հիտլերի «Մայն Կամպֆ» գրքին:
«Ժուլդըզար օտբասը-Անըզ ադամ» ամսագիրը թողարկվում է ղազախերեն: Մեդիամիության տվյալներով՝ այն թողարկվում է 25 200 օրինակով, արժե 250 տենգե:
Հիտլերին նվիրված համարին արձագանքել է Ղազախստանի Կապի և տեղեկատվության գործակալությունը: Zakon.kz-ի տեղեկությամբ՝ գերատեսչությունում նշել են, որ ամսագրի բովանդակությունը «Ղազախստանի Հանրապետության սահմանադրության և օրենսդրության խախտման նշաններ է պարունակում՝ սոցիալական, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական ատելություն հրահրելու մասով»: Պաշտոնյաները խոստացել են այս կապակցությամբ միջոցներ ձեռնարկել:
INTERFAX-ի հաղորդմամբ՝ ամսագիրը քննարկում են նաև Ալմաթիի ներքին քաղաքականության վարչությունում: «Այդ ամսագիրը մեր սեղանին է: Այն պետք է փորձաքննություն անցնի՝ պարզելու՝ արդյոք այնտեղ ֆաշիզմի պրոպագանդա կա՞, թե՞ ոչ»,- հայտնել են գերատեսչությունում:
Պարբերականի խմբագիրն ասել է, որ ինքը ցանկացել է ցույց տալ ժողովրդին սպառնացող վտանգը, որը գալիս է այնպիսի կերպարներից, ինչպիսին Հիտլերն է: Նա նշել է, որ այդ թեմային ուշադրությունը պայմանավորված է եղել «հարևան երկրի՝ Ռուսական կայսրության միապետի վտանգավոր քաղաքականությունից մեզ պաշտպանելու» նպատակով:










































