Ներկայացնում ենք «Առավոտ» օրաթերթի խմբագրականը հատվածաբար.
«Հայաստանում ընդդիմադիր լինելը ոչ հերոսություն է, ոչ էլ հանցագործություն: Այդպես է արդեն երեք տարի՝ այն բանից հետո, երբ 2011 թվականի գարնանը ազատ են արձակվել քաղբանտարկյալները: Այսօր ընդդիմադիրները մեր երկրում ունեն իրենց բիզնեսները (երբեմն խոշոր), իրենց հևռուստաալիքները, կայքերը, թերթերը, որտեղ անկաշկանդ ձևով արտահայտում են իրենց տեսակետը: Դա նորմալ, քաղաքակիրթ երկրներին հատուկ երևույթ է, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, որտեղ երկրի բարձրագույն իշխանությունը արգելեց Թվիթերը, որի փոխնախագահը, ի դեպ, երեկ հանդիպեց Հայաստանի նախագահի հետ:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը շատ ճիշտ վարվեցին, որ չմտան կոալիցիա, որն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որևէ ուժ ունի հարաբերական մեծամասնություն և անհրաժեշտություն է առաջանում այլ կուսակցությունների հետ բանակցելու: Այնտեղ, որտեղ կա մի ուժի բացարձակ մեծամասնություն, կոալիցիան անիմաստ է: Թող այդ բոլոր ուժերը, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, միասին կամ իրարից անջատ ներկայացնեն երկրի զարգացման իրենց այլընտրանքային ծրագրերը, թող պահանջեն ցանկացած պաշտոնյայի հրաժարականը: Դրանից միայն կշահի հանրությունը, և, որքան էլ զարմանալի չթվա, ՀՀԿ-ն, որը իշխանական-նոմենկլատուրային-բյուրոկրատական կառույցից ստիպված կլինի վերածվել քաղաքականի:
Եվ գուցե այդ դեպքում քաղաքականությունն այլևս դադարի լինել «գլադիատորական մրցամարտ», որի ժամանակ «շեֆերը», իրենց թանկարժեք բազկաթոռներում թառած, կռվացնում են իրենց ստորադասերին:
Ամբողջությամբ, թերթի այսօրվա համարում:









































