Ապրիլի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերին:
Նախարար Նալբանդյանը և հատուկ ներկայացուցիչ Գնեյդինգերն անդրադարձան Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Անգելո Գնեյդինգերը մտքեր փոխանակել են ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Անգելո Գնեյդինգերը վերահաստատեց ԵԱՀԿ շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։










































