«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը
–ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախկին նախագահներից մեկը Ղարաբաղին դուրս է թողել բանակցություններից, տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ։ Ըստ Ձեզ՝ դա աջակցությո՞ւն չէր ՀՀ իշխանություններին, եթե նկատի ունենանք, որ այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։
-Զարմանալի է, որ մեզ մոտ այդպես մտածողներ կան: Լավրովը շատ փորձառու դիվանագետ է: Ռուսաստանի համար այսպիսի բարդ իրավիճակում՝ 2007 թվականին Պուտինի հայտնի մյունխենյան ելույթից հետո սկիզբ առած և 2014 թվականին ուկրաինական հայտնի իրադարձություններից ու Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո՝ Արևմուտքի կողմից ահագնացած ճնշումների պայմաններում, Սերգեյ Վիկտորովիչը կարողացել է դառնալ ՌԴ նորագույն պատմության մեջ ամենաերկարակյաց արտգործնախարարը, և այսօր էլ Վլադիմիր Պուտինից հետո Ռուսաստանի ամենահեղինակավոր ղեկավարներից մեկն է: Եվ դա շնորհիվ այն բանի, որ երբեք չի սպասարկել այս կամ այն օտարերկրյա պաշտոնյայի հետաքրքրությունները՝ առաջնորդվելով միմիայն ՌԴ մեծապետական շահերով: Հենց սա՛ է այդ չափազանց պատասխանատու պաշտոնում նրա քաղաքական երկարակեցության հիմնական պատճառը:
Ձեր հիշատակած հարցում էլ Լավրովը նույնպես առաջնորդվել է միմիայն Ռուսաստանի ազգային շահերով՝ ձգտելով Ռուսաստանի վրայից հանել այն մեղադրանքը, թե իբր Ռուսաստանն է մեղավոր այն բանում, որ Արցախը դուրս է դրվել բանակցային գործընթացից:
– Հնարավո՞ր է, որ առաջիկայում ռուսական կողմը հիշեցնի նաև Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ «դիվանագիտական» նախաձեռնության՝ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի մասին։
-Փորձագիտական մակարդակով արդեն հիշեցնում է: Փորձագիտական գնահատականները դառնում են պրակտիկ քաղաքականության հիմք այն ժամանակ և այն դեպքում, երբ դա բխում է տվյալ պետության ազգային շահերից:
–Ինչ եք կարծում՝ կարո՞ղ ենք առաջիկայում ակնկալել, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում բանակցությունները կակտիվանան։
-Հռետորական հարց եք տալիս: Այն, որ բանակցություններն ակտիվանալու են՝ կասկած չի հարուցում: Ես մտավախություն ունեմ, որ բանակցությունները կշարունակվեն Սերժ Սարգսյանի թողած դիրքերից, ինչը ոչ մի լավ բան մեզ չի խոստանում: Ես զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ընդդիմախոսներն այդ վտանգը չեն ուզում տեսնել: Վիտալի Բալասանյանը նույնիսկ արժևորում է Սերժ Սարգսյանի ժառանգությունը բանակցային գործընթացում՝ այնքան է կուրացած ղարաբաղյան խմբի կողմից Երևանում գերագույն իշխանությունը կորցնելու ցավից: Բայց չէ՞ որ վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանում որևէ առանձին վերցված տարածաշրջանային կլանի երբեք չի հաջողվել այդքան երկար՝ քսան տարուց ավելի, միահեծան և ավտորիտար ոճով իշխել: Պետք է սթափվել և հանդարտվել, ինչը բխում է հայության համազգային շահերից:
–Ի՞նչ ժամկետներում, ի՞նչ տարբերակով կարող է տեղի ունենալ Արցախի վերադարձը բանակցությունների սեղանին։
– Նիկոլ Փաշինյանի վարչախումբը պետք է կոնցեպտուալ հենքի վրա մշակի իր արտաքին քաղաքական կուրսը արցախյան հիմնահարցում: Միայն այդ դեպքում է հնարավոր հասնել հաջողության:
Սերգեյ Լավրովի այն գնահատականը, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակիչների համաձայնության հնարավոր չէ հասնել հարցի կարգավորմանը՝ լավ նախադրյալ է կարգավորման գործում արդյունքի հասնելու համար: Սակայն մինչև մյուս տարվա ընտրությունները լուրջ վերլուծաբանները չեն համարձակվի այս հարցում որևէ կանխատեսումներ անել: Եթե Արցախում հաղթեն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները, ապա Հայաստանը պարզապես ի վիճակի չի լինի ներկայացնել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այդ դեպքում, եթե առաջնորդվենք Լավրովի գնահատականով, Արցախի ընտրյալ ղեկավարների մասնակցությունը բանակցություններին այլընտրանք չի ունենա՝ առանց նրանց մասնակցության բանակցությունները կդառնան անիմաստ: Այդ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները կա՛մ պետք է պնդեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցելու անհրաժեշտությունը, կա՛մ պետք է ձգտեն նորից Հայաստանին պարտադրել 1998 թվականից հետո ներդրված՝ Ստեփանակերտից կառավարվելու մոդելը:
Շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան ընդդիմախոսները հենց այս հեռանկարն են տեսնում և իրենց երազներում փայփայում, սակայն նրանք հաշվի չեն առնում, որ համազգային համերաշխության և միասնության գաղափարով տոգորված ուժերը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում վճռական են հասնելու երրորդ տարբերակին՝ 1989 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված պատմական որոշման լիակատար իրականցմանը ՝ մեր ժողովրդի երկու մասերի վերամիավորմանը՝ Արցախի ընդգրկմանը Հայաստանի Հանրապետության կազմում:





































