Ինչպես հայտնում է Billboard-ը, 14-ամյա երգչուհի Ռեբեկա Բլեկը, որը հայտնի է դարձել YouTube-ում տեղադրված իր Friday երգի տեսահոլովակի շնորհիվ, պատրաստվում է թողարկել մինի ալբոմ:
Ներկայումս երգչուհին վերջացնում է նախագծային աշխատանքները: Մինի ալբոմում կլինի 5 երգ, և այն կթողարկվի 2011թ.-ի օգոստոսին: Միևնույն ժամանակ Ռեբեկան ցանկանում է թողարկել այն իր ուժերով` առանց որևէ հայտնի ընկերության օգնության:
Մինչ նոր մինի ալբոմի հրապարակումը, Բլեքը պլանավորել է թողարկել նոր սինգլ: My moment անվանումով երգը հասանելի կլինի 2011թ.-ի հուլիսի 18-ից: Այս երգի համահեղինակներից է Բրենդոն Հեմիլթոնը, որը նաև նախկինում համագործակցել է Ջաստին Բիբերի հետ իբրև պրոդյուսեր: Երգի համար արդեն նկարահանվել է տեսահոլովակ:
Ռեբեկա Բլեկի Friday երգի տեսահոլովակը տեղադրվել է Youtube-ում 2011 թ.-ի փետրվարին: Առաջին մեկ ամսվա ընթացքում այն մեծ պահանջարկ չուներ, սակայն մարտից այն անակնկալ կերպով դարձավ հիթ: Միևնույն ժամանակ տեսահոլովակի վերաբերյալ արձագանքները մեծ մասամբ բացասական էին: Հուլիսին այն արդեն դիտվել է 160 մլն անգամ: Հետագայում տեսահոլովակը հեռացվեց YouTube-ից Ark Music Factory-ի հետ ունեցած տարաձայնության հետևանքով:









































