Էստոնիայի խորհրդարանին այս շաբաթ կներկայացվի համատեղ ապրելու մասին օրինագիծ, որը կառնչվի քաղաքացիական կապի մեջ գտնվող այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում կամ հնարավորություն չունեն ամուսնանալու՝ հայտնում է DELFI-ն: Օրենքը կվերաբերի նաև միասեռ հարաբերություններին:
Պորտալի տեղեկությամբ՝ փաստաթուղթը համասեռամոլ (և հետերոսեքսուալ) զույգերին թույլ կտա պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները, կիսել կարողությունը և վարկային պարտավորությունները: Նրանք նաև կկարողանան որոշակի սահմանափակումներով երեխաներ որդեգրել. եթե զուգընկերներից մեկը երեխա ունի, երկրորդը կարող է որդեգրել այդ երեխային: Այդպիսի զույգերն օտար երեխաների որդեգրելու իրավունք չեն ունենա:
Այդպիսի միությունը հնարավոր է ամրագրել նոտարով: Քաղաքացիական միության երկու կողմերը պետք է չափահաս լինեն, նրանցից գոնե մեկը պետք է ապրի Էստոնիայում:
Օրինագիծը մշակվել է մի քանի տարի: Դրա նպատակներից մեկը, ըստ Ցենտրիստական կուսակցության պատգամավոր Օլգա Սիտնիկի, արտամուսնական կապից ծնված երեխաների պաշտպանությունն է:
Իշխող՝ Ռեֆորմների կուսակցությունը, ինչպես հայտնում է DELFI-ն՝ հղում անելով կուսակցության ներկայացուցիչ Քրիստեն Միխալին, կողմ է քաղաքացիական միության նախագծին:










































