Աշտարակ քաղաքի կույրերի շենքում Սարգիս Մարուքյանն ապրում է երեք երեխաների և կնոջ հետ 13 քառ. մետր տարածքում, սոցիալական ծանր պայմաններում. պատերը փլվում են, հատակ գրեթե չկա: Աշխատում է կույրերի միավորումում՝ որպես պահակ, վեց ամիս է, սակայն, աշխատավարձ չի ստացել: Ընտանիքը գոյատևում է մի կերպ, 32 հազար դրամ նպաստ են ստանում, պարտք են փակում, 40.000 դրամ էլ Սարգիսը երկրորդ կարգի հաշմանդամության համար է ստանում, մեկ օրում պարտքերն են մարում, հաջորդ օրը նորից պարտք անում: Շռայլություններ թույլ չեն տալիս: Տան մեկ սենյակը և՛ ճաշասենյակ է, և՛ ննջարան: Սենյակը զուրկ է տարրական կեցաղային իրերից. անգամ հեռուստացույց չունեն, նույնիսկ դա դնելու տեղ չունեն:
Թամարա Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ չէ, որ կարողանում են գնել. «Առնում ենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ես ավելորդություն եմ համարում արևածաղիկ և այլ բաներ առնելը, բայց երեխաները, իհարկե, ունեն պահանջներ, այսօր երկուսն էլ գնացել են դպրոց, երկուսին էլ ուտելիք չեմ դրել: Բայց գոհ եմ թե մանկապարտեզից, թե դպրոցից»,- ասաց նա:
Մարզպետարան մի քանի անգամ դիմել են աջակցություն ստանալու նպատակով, սակայն մարզպետը դիմումները պարզապես մերժում է, ավելին՝ Սարգիս Մարուքյանը մեկ անգամ մարզպեստին ասել է այն, ինչ մտածում է նրա մասին, որից հետո մարզպետը լսել չի ուզում այս ընտանիքի մասին:
Սարգիս Մարուքյանը բարձրագույն կրթություն ունի, ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության և մատենագիտության բաժինը: «Աշխատել եմ, ժամանակին եղել եմ բազմաթիվ թերթերի թղթակից, նաև ստեղծագործում եմ, բանաստեղծություններ գրում»,- ասաց Սարգիս Մարուքյանը՝ դարակից հանելով հանդեսները, որտեղ տպագրվում էին նրա ստեղծագործությունները:
Հայաստանում, նրա խոսքով, ոչ մի զարգացում չկա, միայն հետընթաց կա, և մութն էլ ավելի է խորանում, ոչ մի ակնկալիք չկա նաև նոր վարչապետից։
«5000-ով թոշակս ավելացրել են, բայց հավատո՞ւմ եք՝ որևէ ուտելիքի վրա չեմ ծախսել գումարը, ամբողջը կումունալ եմ տվել։ Սա պետություն չէ, պետության խայտառակություն է: Հայաստանում ապագա չեմ տեսնում, ոչ մի հեռանկար, ոչինչ»,- ասաց նա՝ հավելելով, որ էլիտար շենքերը որ կառուցում են, հայաստանցիների համար չէ, այլ արտասահմանից եկածների:
Սարգիսի և Թամարայի միակ երջանկությունը իրենց զավակներն են, ովքեր սովորում են բարձր առաջադիմությամբ, աղջիկը երազում է մանկավարժ դառնալու մասին, փոքր աղջիկն էլ դեռ երազանքներ չունի: Ծնողները երազում են երեխայի ամուր մահճակալ ունենալու մասին, քանի որ երեխայի մահճակալը կոտրվել է, հիմա ամեն վայրկյան վախով սպասում են՝ հանկարծ լրիվ չկոտրվի…











































