Կրեմլը խնդրել է իրավապահ օրգաններին բացահայտել այն ռեսուրսները, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապի» համար հարցեր են հավաքում, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Մենք, իհարկե, դիմում ենք բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս նախագծով. առաջնորդվեք միայն այն ինտերնետ կայքերով և հեռախոսահամարներով, որոնք հեռարձակվում են «Առաջին» և «Ռոսիա» հեռուստաալիքներով»,- ասել է Պեսկովը:
Նա ավելացրել է, որ «այս տարի հարցերի հավաքման կեղծ ինտերնետ կայքերի առկայությունը» հաստատում է «ուղիղ կապի տարածման տհաճ փաստը»:
«Ավելին, որոշ խուլիգաններ մի քանի ինտերնետ կայքեր են բացել և փորձում են գումարներ հավաքել, յուրաքանչյուր հարցի համար՝ 50 ռուբլի»,- պատմել է երկրի ղեկավարի մամլո քարտուղարը: Նրա խոսքերով՝ Կրեմլը դիմել է համապատասխան մարմիններին այդ ինտերնետ ռեսուրսների գործունեությունը կանխելու համար:
Պեսկովը հայտարարել է նաև, որ 1.2 միլիոն արդեն իսկ հավաքված հարցերի մեջ առաջին տեղն են գրավում միջազգային խնդիրների՝ մասնավորապես Ուկրաինայի վերաբերյալ հարցերը:
Հերթական «ուղիղ կապը» այս անգամ տեղի կունենա ապրիլի 17-ին: Պուտինի հետ ամենամյա «ուղիղ կապեր» են կազմակերպվում՝ սկսած 2001 թվականից:
Նախագահի հետ շփումը 12 տարի շարունակ կազմակերպվել է տարվա վերջին, սակայն 2013 թ. այն առաջին անգամ գարնանն է տեղի ունեցել:









































