«Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Արցախը իբրև լիարժեք բանակցային կողմ բանակցային սեղան վերադարձնելու Երևանի առաջարկին»: Այս հարցն այսօր ուղղվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Նա հիշեցրեց՝ այս թեմայով խոսել են և՛ նախագահներ, և՛ վարչապետներ, և՛ ԱԳ նախարարներ:
«Ես ևս մեկ անգամ ընդգծեմ՝ բանակցությունների մասնակիցների կազմի որոշումն ու համաձայնեցումը պետք է անեն կողմերը: Երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին, խորհրդատվությունների նախնական փուլում Լեռնային Ղարաբաղը մասնակից էր համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների, որ սկսվել էին կրակի դադարեցման պահին: Ինչ-որ փուլում ՀՀ ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում կայացրեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը: Մենք՝ իբրև ՄԽ մասնակիցներ, կարող ենք միայն ձգտել, որ գործընթացը տեղի ունենա ընդհանուր համաձայնության ֆոնին: Բոլորի համար էլ պարզ է՝ առանց ԼՂ ժողովրդի, բնակիչների համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Հայաստանը պարզապես դրանք չի ստորագրի»,- ասաց նա: