Դրամական միջոցների արտաքին փոխանցումները (տրանսֆերտներ) ունեն առավելապես սոցիալական ուղղվածություն, այսինքն՝ լուծում են մարդկանց օրվա հացի խնդիրը: Ինչպես այսօր ասուլիսում նշեց ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը, հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց զուտ փոխանցումների աճի տեմպը 25 տոկոս է եղել, իսկ ընդհանուր աճը՝ 37 տոկոս: Ֆիզիկական անձանց փոխանցումները նա անվանեց զուսպ. «Այս միջոցների ներհոսքը նաև տնտեսական գործունեության ակտիվացման խթան է, մինչդեռ այսօր այդ գործոնը նվազում է»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Տնտեսության աճը տարեսկզբից Ասատրյանը որակեց որպես ոչ տպավորիչ:
Նրա խոսքով, այդ տեմպերով երկիրը նախաճգնաժամային մակարդակին կհասնի միայն 2013 թվականին: Ըստ նրա՝ գնաճը վերջին երեք տարիներին մտահոգիչ բարձր է։ Թեև երկրի նախագահը պահանջեց, որ գները վերադառնան հասարակության համար հասկանալի մակարդակի, սակայն 6 ամսվա տվյալներով՝ գնաճը 8,5 տոկոս է, իսկ կուտակային աճը՝ 3.5 տոկոս: «Մենք տարին ամփոփելու ենք բարձր գնաճով՝ 8-9 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը ավելի բարձր է»,- ավելացրեց Բագրատ Ասատրյանը: Անդրադառնալով արտաքին շուկային՝ Ասատրյանը փաստեց, որ թեև այժմ գների էական նվազում է նկատվում, օրինակ՝ հացահատիկի, բայց մեր երկրում վիճակն առանձնապես չի փոխվում: Դրա պատճառը, ըստ Ասատրյանի, այն է, որ մի խումբ օլիգարխներ պարտադիր պետք է իրենց եկամուտը ստանան:








































