Մի քանի օր առաջ ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի հաշվետու ընտրական ժողովի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտրվեց Կապանի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, իսկ տեղակալ նշանակվեց նրա հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանը:
Այս նշանակման մասին շատ խոսվեց, մասնավորապես, որ որոշ ՀՀԿ-ական գյուղապետեր բոյկոտել էին նիստը, չէին մասնակցել՝ չքվեարկելու համար Սուրիկ Խաչատրյանի օգտին: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Գորիսի 23 գյուղերից միայն 5 գյուղի գյուղապետ է քվեարկել Խաչատրյանի օգտին, իսկ մնացած 20-ը չեն մասնակցել նիստին: Նիստը բոյկոտել և չէին քվեարկել նաև Գորիսի պետական համալասարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը,պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը և Գորիսի բուժմիավորման տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանը:
Սուրիկ Խաչատրյանի նշանակումն ուշագրավ է այն իմաստով, որ գրեթե բոլոր մարզերում ՀՀԿ կառույցը ղեկավարում են ՀՀԿ-ական մարզպետները: Այդ պատասխանատու գործը վստահված է հենց նրանց, որոնք ընտրությունների ժամանակ ապահովելով ցանկալի արդյունք ՀՀԿ-ի համար` հանձնում են քննությունը՝ ցույց տալով, որ իրենք արդարացրել են իրենց վստահված պաշտոնը:
Թե ինչու Սյունիքի մարզի դեպքում բացառություն արվեց և Սուրիկ Խաչատրյանին վերադարձվեց այդ պատասխանատու պաշտոնը` փորձեցինք պարզել հենց նրանից: «Դա վստահության խնդիր է»,- մեր հարցին ի պատասխան ասաց Ս. Խաչատրյանը՝ հավելելով. «Դա արվեց, որպեսզի մարզի հանրապետական շրջանային խորհուրդները իրենք որոշեն ու իրենք ընտրեն: Որ մարզի կառույցները ավելի համակարգված լինեն»: Այսինքն` ցանկանում եք ասել, որ ՀՀԿ ղեկավարությունը գործող մարզպետին այդ առումով չի՞ վստահում՝ հարցրեցինք Խաչատրյանից: Վերջինս, սակայն, լսելով հարցն` ասաց, որ ինքը լավ չի լսում մեր ձայնը և անջատեց հեռախոսը:
Նշենք, որ հունիս ամսին Գորիսում քաղաքապետի ընտրություններ են, և շրջանառվող լուրերի համաձայն` Սուրիկ Խաչատրյանը ևս հավակնում է այդ պաշտոնին: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց իր հնարավոր առաջադրման մասին տեղեկությունները: «Ես քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն չունեմ: Չեմ առաջադրվելու»,- ասաց Ս. Խաչատրյանը:










































