Նոյեմբերի 2-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղի է ունեցել հուշ երեկո նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել էր «Հայաստան» հայկական միությունը Հասմիկ Քոչարյանի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ կազմակերպությունների ղեկավարներ, գրողներ, մշակութային դեմքեր և իհարկե՝ տեղում ՀՀ դեսպանատան բոլոր ներկայացուցիչները՝ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, հյուպատոս Էդվարդ Հարությունյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր առաջնորդ Շնորհ Սարգսյանը։ Երեկոյի մասնակիցները արդեն նոյեմբերի 3-ին Ալիկանտե քաղաքում մասնակցել են մի շարք այլ միջոցառումների։ Մասնավորապես այցելել են Ալիկանտեում գործող կիրակնօրյա հայկական դպրոց։ Դպրոցն այս տարի անվանափոխվել է և վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով։ Դպրոց են հաճախում 56 աշակերտ, որոնց դասավանդում են 4 մանկավարժներ։
Միջոցառման մասնակիցները, Հայաստանից Ալիկանտե մեկնած հայ երգիչները այցելել են նաև քաղաքում գտնվող խաչքարի մոտ, որը 2008-ին Իսպանիայում տեղադրված առաջին խաչքարն է։