Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր Ռաֆիկ Մարկոսյանի գործով կողմերը հանդես են եկել ճառերով:
Ռաֆիկ Մարկոսյանը մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու, ապա խաբեությամբ նրան իր սիրուհու հետ Ռուսաստանի Դաշնություն տանելու, այնտեղ աշխատանքային շահագործման ենթարկելու համար:
Ռաֆիկը, իր սիրուհին և այս գործով անչափահաս տուժող Ա.-ն ապրել էին Մինվոդիին մերձակա գյուղերից մեկում, մի տեղացի հայի տրամադրած հողամասում զբաղվել էին սոխի մշակությամբ:
Ըստ մեղադրանքի՝ անչափահաս աղջիկն այնտեղ էր մեկնել՝ հավատալով, որ Ռաֆիկն ամուսնանալու է իր հետ, բայց այնտեղ, գտնվելով Ռաֆիկի ու նրա սիրուհու ճնշման և սպառնալիքների տակ, ստիպված է եղել հողագործությամբ զբաղվել ու, ի վերջո, փորձել է փախուստի դիմել:
Միջամտել են հայազգի հարևանները, տեղեկացրել աղջկա հորը, և վերջինիս ուղարկած գումարով Ա.-ն վերադարձել է Հայաստան: Նա դիմել է իրավապահներին:
Որոշ ժամանակ անց Հայաստան են վերադարձել նաև Ռաֆիկ Մարկոսյանի սիրուհին, ապա ինքը՝ Ռաֆիկ Մարկոսյանը:
Սիրուհի Քրիստինեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով արդեն իսկ մեղավոր է ճանաչվել անչափահասին աշխատանքային շահագործման ենթարկելու համար ու դատապարտվել է երկարատև ազատազրկման: Նրա վերաբերյալ դատավճիռն արդեն օրինական ուժի մեջ է մտել:
Ռաֆիկ Մարկոսյանի գործի դատական քննությունը նոր է ավարտին մոտենում ընդհանուր իրավասության դատարանում:
Գործի դատական քննությունը երկար ժամանակով ընդմիջվել էր, որպեսզի ՌԴ-ի իրավապահների կողմից նորից հարցաքննվեն այնտեղ բնակվող վկաները, ովքեր, ըստ էության, կրկնել են իրենց նախկին ցուցմունքները:
Տևական ընդմիջման ընթացքում Ռաֆիկ Մարկոսյանը հասցրել է մեղադրվել ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել մեկուսարանում գտնվելու ժամանակ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման հոդվածով:
Այսօր մեղադրող դատախազ Ա. Բարսեղյանը միջնորդեց անչափահասի թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչել Ռաֆիկ Մարկոսյանին ու դատապարտել 11 տարի ազատազրկման:
Պաշտպանական ճառով սկսեց հանդես գալ նաև ամբաստանյալի շահերի պաշտպան Մ. Թովմասյանը: Բայց պաշտպանական ճառն այսօր չավարտվեց: Պաշտպանն այն կշարունակի հաջորդ դատական նիստին:








































