Իտալիան կարծում է, որ իրավիճակն Ուկրաինայում մեծ անհանգստություն է առաջացնում, սակայն դեռ վաղ է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին խոսել: Այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հայտնում է Ria Novosti-ն:
Պատասխանելով Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների «երրորդ փուլ» կիրառելու անհրաժեշտության մասին հարցին՝ նախարարն ասել է. «Ոչ, ինձ այդպես չի թվում»:
«Իրավիճակն Ուկրաինայում ծայրահեղ անհանգստություն է առաջացնում, հատկապես՝ վերջին օրերին ու ժամերին: Մենք (hակամարտության) սկզբից ի վեր պնդում էինք երկխոսության անհրաժեշտությունը, շարունակում ենք մտածել, որ դա միակ ճանապարհն է, հատկապես, երբ երկրում իրավիճակը վատանում է: Դա մեր խնդիրն ու մեր այսօրվա աշխատանքն է»,- ասել է նա:
ԵՄ անդամ երկրները Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման կապակցությամբ հայտարարել էին ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 3 փուլի մասին. առաջին՝ բանակցությունների դադարեցում՝ ըստ ՌԴ-ԵՄ նոր բազային համաձայնագրի և այցագրային ռեժիմի ազատականացման մասին պայմանագրի, երկրորդ՝ այցագրային անհատական պատժամիջոցներ և ակտիվների սառեցում մի շարք պաշտոնատար անձանց համար, ինչպես նաև Սոչիում տեղի ունենալիք ՌԴ-ԵՄ գագաթնաժողովի չեղյալ հայտարարում: Երրորդը ենթադրում է տնտեսական պատժամիջոցներ:








































