«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի վիճակը:
Նշենք, որ մինչ օրս նախաքննական մարմինը չի հայտնաբերել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակը, որը, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի և Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը: Բայց, պարզվում է, այլ ապացույցներ ևս կան, որոնք այնքան ծանրակշիռ են, որ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Տիգրան Ասատրյանը կդատապարտվի մոտ 15 տարվա, իսկ Իսոն՝ նույնիսկ ցմահ ազտազրկման:
Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս լրացուցիչ ապացույցներ չկան, բայց մոտ օրերս հնարավոր է ինչ-որ բան լինի, քանի որ արդեն իսկ որոշ փորձաքննությունների պատասխաններ կան, որոնց փաստաբանը դեռևս չէր ծանոթացել: «Բայց, ճիշտն ասած, ես մտածում եմ, որ նախաքննական մարմինը ապացույց չունի և պիտի մեղադրանքը առհասարակ հանի իմ պաշտպանյալի վրայից, ոչ թե ցմահ ազատազրկման դատապարտի»,- ասաց տիկին Գալոյանը:
Նրա խոսքով՝ եթե մինչ օրս և մինչև նախաքննության ավարտն էլ Մոսոյի դին չհայտնաբերվի, ապա հնարավոր չէ, որ իր պաշտպանյալին նման պատժաչափով դատապարտեն: «Պրակտիկայում նման բանի չեմ հանդիպել: Պետք է հստակ անձը լինի: Բայց նախաքննական մարմինը դեռևս Մովսես Ներսիսյանի նկատմամբ իրավական կարգավիճակ չունի ձևավորած: Այսինքն՝ Մովսես Ներսիսյանին չի դիտում մեղադրյալի կարգավիճակում: Եվ եթե Մովսես Ներսիսյանը մեղադրյալ չէ, ապա մինչև հիմա ինձ համար անհասկանալի է, թե ինչու է իմ պաշտպանյալը մեղադրյալի կարգավիճակում՝ սպանության դրվագով»,- ասաց պաշտպանը:
Գայանե Գալոյանի խոսքով՝ նախաքննական մարմինը շտապեց՝ հայտարարելով, թե աղմկահարույց սպանության գործը բացահայտված է՝ ներկայացնելով գործի բացահայտման իր սցենարը: «Իրենք շտապեցին, իրենց թվաց՝ միայն ձայնագրությունը բավարար է: Առանց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու հայտարարեցին, թե գործը բացահայտված է: Ըստ իրենց, մեծ հանցագործություն էին բացահայտել և շտապեցին իրենց ենթադրություններում»:
Պաշտպանից հետաքրքրվեցինք նաև, թե եթե Մոսոյի դիակը չհայտնաբերվի, հնարավո՞ր է այլ մեղադրանքներ առաջադրվեն Իսրայել Սարգսյանին, մասնավորապես, ապօրինի զենք կրել և այլն: «Իմ պաշտպանյալը նախկինում հանցագործություն չի կատարել: Առավելագույնն այն է, որ զենք են հայտնաբերել, բայց մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ այդ զենքն էլ իրենը չի: Կարող են այդ մասով մեղադրանք առաջադրել, բայց չկատարած հանցագործության համար մեղադրանք առաջադրելն արդեն իսկ աբսուրդ է»,- ասաց նա:
Նշենք, որ մի քանի օր առաջ արդեն երկրորդ անգամ երկարացվել է Իսրայել Սարգսյանի կալանքի ժամկետը, ինչը պաշտպանը բողոքարկել է վերաքննիչ դատարանում:
Նշենք նաև, որ ներկա պահին Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ, 38-104-րդ հոդվածներով (սպանություն և սպանությունը պատվիրելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Տիգրան Ասատրյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):









































