Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ 2014 թ. ապրիլի 8-ին կդադարեցնի Windows XP օպերացիոն համակարգերի ապահովման աշխատանքները: Այս մասին հաղորդում է mashable կայքը:
Այդպիսով կդադարի գոյություն ունենալ աշխարհի պատմության մեջ ամենահայտնի և տարածված օպերացիոն համակարգերից մեկը: Նշվում է, որ շատ ընկերություններ և անհատներ երկար տարիներ շարունակ մեծ դժվարությամբ են հրաժարվում Windows XP օպերացիոն համակարգից, քանի որ նրա հաջորդը՝ Windows Vista-ն չկարողացավ փոխարինել իր նախորդին՝ դառնալով Microsoft-ի ամենաչհաջողված նախագծերից մեկը:
Microsoft-ի ղեկավարներից մեկն իր բլոգում գրել է, որ այս համակարգից շատերն են գոհ, սակայն եկել է դրանից հրաժարվելու ժամանակը, քանի որ այն խոցելի է հաքերական հարձակումների դեպքում: Նշվում է, որ Windows XP համակարգով գործում է աշխարհի համակարգիչների 51.7%-ը, իսկ Windows 7-ով՝ 27.13%-ը:









































