Ուկրաինան պատրաստ է 1000 խորանարդ մետր գազի դիմաց Ռուսաստանին վճարել 386 դոլար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Ստեփան Կուբիվը, ով ներկայում գտնվում է ԱՄՆ-ում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա նաև նշել է, որ երկիրը կկատարի իր բոլոր պարտավորությունները՝ ըստ ունեցած պարտքերի: «Ուկրաինան միշտ ժամանակին է վճարել վարկատուներին՝ հիմնվելով շուկայական և պայմանագրային գների վրա: Մենք կվճարենք մեր բոլոր պարտքերը, այլ կերպ լինել չի կարող»,- ասել է Կուբիվը:
Ավելի վաղ նա մասնակցել էր Վաշինգտոնում տնտեսական և ֆինանսական գործընկերության հարցերով ամերիկա-ուկրաինական աշխատանքային խմբի հանդիպմանը:
Այս շաբաթ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կապված Սևծովյան նավատորմի վերաբերյալ խարկովյան համաձայնագրերի չեղյալ հայտարարման հետ, ստորագրել էր որոշում Ուկրաինա մատակարարվող գազի համար զրոյական մաքսատուրքերի չեղյալ հայտարարման մասին, ինչն ավտոմատ կերպով նշանակում է գնի բարձրացում՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 485 դոլար:










































