ԵԱՀԿ դիտորդներն այսօր ժամանել են Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաք, որտեղ ուկրաինացի իրավապահները երկրի արևելքում հայտարարել են ֆեդերալացման օգտին հանդես եկողների դեմ ուժային հատուկ գործողություն իրականացնելու մասին, ասվում է քաղաքի slavgorod.com.ua կայքում:
«ԵԱՀԿ ներկայացուցիչները եկել են Սլավյանսկ, որպեսզի անձամբ տեսնեն քաղաքում տեղի ունեցածն ու օբյեկտիվ տեղեկատվություն տան միջազգային մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կայքի տեղեկություններով՝ Սլավանսկի բնակիչները կանգնեցրել են միջազգային դիտորդների ավտոմեքենան ու առաջարկել արտասահմանցիներին անցկացնել բարիկադներից այն կողմ, որպեսզի նրանք սեփական աչքերով տեսնեն տեղի ունեցածը, քանի որ, ըստ քաղաքի բնակիչների, եվրոպական ալիքները ոչ օբյեկտիվ են լուսաբանում իրադարձությունները:
«Դեռ բանակցություններ են ընթանում: Դոնբասի ժողովրդական դիմադրության ներկայացուցիչները ստուգել են ԵԱՀԿ դիտորդների վկայականներն ու խնդրել են սպասել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ դիտորդները հաշվետվություն կներկայացնեն քաղաքում իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայում ԵԱՀԿ նախագծերի կոորդինատոր Անդրեյ Ձյուբենկոյին:
Նրա խոսքով՝ դիտորդներն իրենց հաշվետվությունը կուղարկեն Վիեննա՝ ԵԱՀԿ կենտրոնակայան:










































