Հովիկ Աբրահամյանի նշանակումը ժամանակավոր լուծում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
Նա նշեց, որ տեղի ունեցավ քաղաքական պայմանավորվածություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, սա փոխընդունելի լուծում էր երկու կուսակցությունների համար:
Հարցին, թե համամի՞տ է արդյոք, որ չորս ոչ իշխանական ուժերը ԲՀԿ-ի գլխավորությամբ պայքարում էին Տիգրան Սարգսյանի անձի դեմ, ասաց, որ այդքան էլ համամիտ չէ, քանի որ, նրա համոզմամբ, նրանք դեմ էին այդ քաղաքականությանը: Ըստ Կարեն Քոչարյանի՝ Հայաստանը փոքր երկիր է, անձերով լոկալ խնդիրներ հնարավոր է լուծել, որպես մենեջեր շատ լավն է, կարող է լուծվել, բայց գլոբալ առումով, համակարգային առումով անձերով խնդիր չի լուծվում՝ առավել ևս վարչապետի անձով: «Եթե անձով էլ լուծվում է խնդիր, ապա նախագահի անձով է լուծվում»,- նշեց քաղտեխնոլոգը: Անդրադառնալով իշխանությունը կիսելու ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հնարավորություններին ՝ ասաց, որ հիմա դժվար է ասել՝ կկիսեն պատասխանատվություն, թե ոչ: «Համենայն դեպս, եթե Հովիկ Աբրահամյանն է, ապա որոշակի պայմանավորվածություն կա, վաղ թե ուշ այդ պատասխանատվությունը կկիսվի»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Դիտարկմանը, թե սա մի լուծո՞ւմ է, որը գնում է դեպի հաջորդ նախագահական փուլ, արձագանքեց, ասելով, որ սա ժամանակավոր լուծում էր:








































