ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի առաջին մասով։ Գործն ուղարկվել է դատախազություն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: