Շատ փորձառու սերֆերը իրեն երկար տարիներ անհանգստացնող աչքի հիվանդությունը բուժելու համար աչքը լվացել է 10-մետրանոց ալիքի մեջ: Սա յուրահատուկ կլինիկական դեպք է, որի մանրամասները նկարագրվում են British Medical Journal-ում:
61-ամյա տղամարդը տառապում էր պտերիգիումով: Զարգացող հիվանդությունը հանգեցնում է տեսողության վատթարացման: Հիվանդության առաջացման ճշգրիտ պատճառները հայտնի չեն, սակայն այն կապում են քամու, փոշու և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետ: Այս հիվանդությունից սերֆերները հաճախ են բողոքում, այդ պատճառով էլ այն հաճախ կոչում են «սերֆերի աչք»: Սովորաբար հիվանդությունը բուժում են վիրահատական ճանապարհով:
2013թ. սկզբին Հավայան կղզիներում սերֆինգով զբաղվելիս տղամարդը հասցրել է գլուխը մեկ ակնթարթով մտցնել 10-մետրանոց ալիքի մեջ և դուրս հանել՝ այդ պահին պահպանելով հավասարակշռությունը և շարունակելով ընթացքը:
Արդյունքում պտերիգիումը պոկվել է աչքի մակերևույթից: Չնայած աչքի այդ հատվածը բորբոքվել է, այն հաջողվել է բուժել առանց վիրահատական միջամտության:











































