ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ ուշ գիշերին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Սա իսկապես պատմական քայլ էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, ինչը բնականաբար դեռ չի նշանակում բանաձևի վերջնական ընդունում, քանի որ այն պետք է քվեարկության դրվի նաև Սենատում և միայն դրանից հետո ուղարկվի Սպիտակ տուն՝ վավերացման: Անկախ բանաձևի հետագա ճակատագրից, սակայն, այն հիրավի պատմական նշանակություն ունի, և այդմով արդարացված պետք է համարել Հայաստանում ու աշխարհասփյուռ հայության շրջանում բանաձևի ընդունման հետ կապված ոգևորությունը:
Մյուս կողմից, սակայն, այդ ոգևորությունը չպետք է բթացնի մեր բանականությունն ու սառը դատողությունը: Իսկ սառը դատողությամբ տեղի ունեցածին վերաբերվելու դեպքում պարտավոր ենք արձանագրել, որ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդամենը թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ զարգացումների արտահայտություն է, և որ այն չէր ընդունվի, եթե թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած չլինեին այն լարումները, որոնք առկա են հիմա՝ կապված Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ:
Այսպիսով, նույն այդ սառը դատողությամբ ստիպված ենք արձանագրել, որ Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ կողմից հերթական անգամ կիրառվում է որպես ճնշում Թուրքիայի նկատմամբ: Այդ արձանագրումը, սակայն, չպետք է լինի ողբերգական կամ հուսահատական, քանի որ այդպիսին է աշխարհաքաղաքականությունը և դրան պետք է նորմալ վերաբերվել: Սակայն կրկին նույն սառը դատողությամբ պետք է սպասել նաև բանաձևի հետագա ճակատագրին՝ հասկանալով, որ ոչ միայն բացառված չէ, այլև շատ հավանական է, որ այն կա՛մ չի հասնի Սպիտակ տուն, կա՛մ հասնելու դեպքում չի վավերացվի, որովհետև այդ ընթացքում ԱՄՆ-ը հասցրած կլինի Թուրքիայից ստանալ այն, ինչի համար նախաձեռնվել է այս գործընթացը:
Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը գրեթե ամբողջությամբ թուրք-ամերիկյան հարաբերությունների տիրույթում է և լայն իմաստով որևէ աղերս չունի հայ-ամերիկյան հարաբերությունների հետ: Մինչդեռ մենք պետք է մտահոգվենք ու աշխատենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, դրանց բովանդակություն հաղորդելու ուղղությամբ: Որովհետև եթե Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունի և որևէ ձևով չի անդրադառնալու Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդման, ներքնապես և արտաքնապես մեր երկրի հզորացման վրա, ապա հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն գործնական նշանակություն:
Մենք պետք է կարողանանք հայ-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել Ցեղասպանության ճանաչման-չճանաչման կաղապարներից, եթե կուզեք՝ համայնքային մտածողությունից և այդ հարաբերությունների հիմքում համահայկական շահը ստորադասենք համապետական շահին: Այո, այդ սահմանագիծը շատ նուրբ է, երբեմն անտեսանելի և պարուրված է զգալի էմոցիոնալ ֆոնով: Բայց մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք մեր միջպետական հարաբերությունները ձերբազատել զգայականությունից և դրանց հիմքում դնել առաջին հերթին ու առավելապես մեր պետական շահը, Հայաստանի Հանրապետության շահը, որը նույնական է Արցախի անվտանգության շահի հետ:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը բնականաբար իր ազդեցությունն է ունենալու տարածաշրջանի խաղացողների վարքագծի, առաջին հերթին՝ Թուրքիայի, Ադրբեջանի վարքագծի վրա: Ի թիվս այլ փոխակերպումների՝ այս բանաձևը Թուրքիային էլ ավելի է մղելու դեպի Ռուսաստան, ինչը մեզ համար գոյաբանական նշանակության մարտահրավեր է՝ հաշվի առնելով նաև մեր պատմական դառը փորձը: Որպես պետություն՝ մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և այս կամ այն իրադարձության նկատմամբ առաջացած օբյեկտիվ ոգևորությունը պետք է կարողանանք փոխակերպել գործնական աշխատանքի, գործնական քաղաքականության: Իսկ այդ ուղղությամբ մենք հսկայական անելիքներ ունենք:
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2808785522485490/?type=3&theater










































