Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ սահմանադրական փոփոխությունների փաթեթի առթիվ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է դրան և դրա քննարկմանը հիմա, քանի որ երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է, և որ ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ:
ԲՀԿ մոտեցումը ուշագրավ է այն պատճառով, որ ոչ միայն տրամագծորեն հակառակ է ոչ վաղ անցյալում ԲՀԿ որդեգրած քաղաքականությանը, այլև համահունչ չէ ԲՀԿ ծրագրին: Ինչպես հայտնի է, մոտ 2 տարի առաջ ԲՀԿ-ն ընդդիմադիր մյուս ուժերի հետ մասնակցում էր խորհրդարանական կառավարման և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումներին, համարում էր, որ դա օրակարգային խնդիր է: Իսկ սահմանադրական փոփոխությունների շրջանառվող փաթեթով հնարավորություն է տրվում անցում կատարել այդ ընտրակարգին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ հարցը կպարզվի քաղաքական ուժերի հետ քննարկումներ անցկացնելուց հետո մինչև հուլիսի 1-ը:
ԲՀԿ ներկա դիրքորոշումը մասնավորապես հակասում է ԲՀԿ ծրագրի հետևյալ մասին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են` 1. սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների և այլ իրավական ակտերի ընդունմամբ իշխանության թևերի գործունեության հստակ կանոնակարգումը, 2. ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ժամանակի պահանջով և պետության առջև ծառացած հիմնախնդիրների լիարժեք լուծմամբ պայմանավորված սահմանադրական հետագա բարեփոխումների իրականացումը: Քաղաքացիական համաձայնության վրա հիմնված հասարակական-քաղաքական կայուն հարաբերությունների ձևավորման նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում` ստեղծել պայմաններ Ազգային ժողովի ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար»:
«ԲՀԿ-ն չափազանց ու անսահման ճիշտ է արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հայտարարեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ 2 տարի առաջ նույն ԲՀԿ-ն բարձրացնում էր խորհրդարանական կառավարմանն անցնելու և 100 տոկոս համամասնականի հարցը, չե՞ք կարծում, որ սա ուղղակի հակասում է ԲՀԿ ծրագրին, ԲՀԿ ներկայացուցիչն ասաց. «Ո՛չ, չեմ կարծում, որովհետև ինքս էլ մեծ մասնակցություն ունեմ ԲՀԿ ծրագրին: Այո՛, դա շեշտադրված է ծրագրում, ինչ հակասության մասին է խոսքը, երբ երկիրը վերանում է, տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու, արտագաղթը մեղմելու, աշխատատեղեր ստեղծելու փոխարեն սահմանադրական փոփոխություններ առաջարկել: Ինչպես պատկերավոր ասված է մեր նախագահի կողմից, ախմախ մարդ չկա, բոլորը հասկանում են՝ ում է ձեռք տալիս»:
Մեր հստակեցմանը, թե 2 տարի առաջ, երբ ԲՀԿ-ն հարցն օրակարգային էր համարում և բարձրացնում էր խորհրդարանական կառավարման անցնելու և 100 տոկոս համամասնականի հարցը, Գագիկ Ծառուկյանը չգիտե՞ր, որ մեր երկրում բազմաթիվ չլուծված տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, ի՞նչ է փոխվել երկրում, ԲՀԿ ներկայացուցիչն ասաց. «Էդ չափերի չկար, ինչ որ հիմա: 2 տարի առաջ 300 հազար քաղաքացի չէին արտագաղթել Հայաստանից: 6 տարի մենք հետընթաց ենք ապրել: Մենք ունենք կոռուպցիա, համատարած անարդարություն»:
Շրջանառության մեջ դրված սահմանադրական փաթեթով սահմանվում է, որ մարդը, ով 2 անգամ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում` չի կարող այլևս նախագահի կամ վարչապետի թեկնածու դառնալ: Այս կոնտեքստում թերևս պատահական չէր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքն այլևս չի պատրաստվում առաջադրվել ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնում: Իսկ սա նշանակում է, որ դրանց ընդունման դեպքում ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը չեն կարող առաջադրվել ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնում: Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպիսով` դուրս կգանք երեք նախագահների եռանկյունուց:
«Եթե ոչ ինձ, ոչ քեզ տարբերակն է: Այսինքն՝ մենք թողած մեր հիմնական խնդիրները, որ մարդը թողնում էր իր երկիրը, այստեղ աշխատողը չի կարողանում աշխատի, մենք աշխատում ենք ոչ ինձ, ոչ քեզ հարաբերությունների՞ վրա: Եթե դա ա իրականությունը, ողբամ էդ իրականությանը»,- այս առթիվ հայտարարեց Բոստանջյանը:
Մեր հարցին, թե իր կարծիքով՝ սահմանադրական փաթեթին ԲՀԿ-ի դեմ լինելու հետևում չկա՞ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, քանի որ նա այլևս չի կարողանա առաջադրվել նախագահի թեկնածու՝ Բոստանջյանն ասաց. «Ո՛չ, ԲՀԿ-ն ոչ թե դեմ է, ԲՀԿ-ն ասում է, որ չափազանց հրատապ ու առաջնահերթ խնդիրներ կան մարդուն վերաբերող, առաջին հերթին այդ խնդիրները լուծեք: Ոչ թե ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին»: Մեր հիշեցմանը, թե Գագիկ Ծառուկյանն է ասել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ է ԲՀԿ-ն, Բոստանջյանը հակադարձեց. «Ուզում եք ինձ շշկռացնել»:
Հետաքրքրվեցինք` հավանականություն կա՞, որ ԲՀԿ 2018 թվականի նախագահի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, Բոստանջյանն ասաց. «Չեմ կարող ասել: Ես որտեղից կարող եմ ասել»:











































